Արսեն Թորոսյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Առաջնորդությունը լավագույնը լինելու մասին չէ: Այն բոլորին ավելի լավը դարձնելու մասին է:
Սիրելի հայրենակիցներ,
Ժողովրդավարական ընտրություններով իշխանություն դառնալը, այդ թվում՝ համայնքային ընտրություններով, ցանկացած քաղաքական ուժի համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն: Շուտով մեր երկրի երկու համայնքներում՝ Գյումրիում և Փարաքարում, սպասվում են համայնքային ընտրություններ, և մեր բոլորի ուշադրությունը կենտրոնացած է մեկ հարցի վրա՝ ովքե՞ր են ձեր քվեն ստանալուց հետո ձեզ հետ միասին ավելի լավը դարձնելու ձեր համայնքները:
Այսօր կարևոր է պատասխանել մի հարցի՝ արդյո՞ք համայնքային իշխանության հավակնորդ քաղաքական ուժերը հասկանում են, որ առաջնորդությունը, այդ թվում՝ քաղաքական, երբեք չպետք է լինի լավագույնը կամ ամենահզորը երևալու մասին: Արդյո՞ք նրանք գիտակցում են, որ առաջնորդության իրական էությունը բոլորիդ՝ ձեզ, ավելի լավը դարձնելու մեջ է: Դա նշանակում է աշխատել այնպես, որ ձեր կյանքը դառնա ավելի բարեկեցիկ, ձեր ձայնը՝ լսելի, և ձեր երազանքները՝ իրականանալի:
Արդյո՞ք ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ իրենց պարտքն է ծառայել ձեզ, այլ ոչ թե իշխել ձեզ վրա: Հաճախ, երբ քաղաքական առաջնորդներն կամ ուժերը կենտրոնանում են միայն սեփական հաջողության վրա, կորցնում են այն, ինչն իսկապես կարևոր է՝ համայնքի բարօրությունը: Իրականում ընտրված առաջնորդների և քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի ուժերի գերլարումով աշխատել նպատակների շուրջ և ապահովել, որ յուրաքանչյուր քայլ առաջ տանի ոչ թե իրենց, այլև ձեր համայնքն ու ձեզ:
Մեր քաղաքական ուժը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թե՛ իր անվամբ, թե՛ ծրագրով, թե՛ աշխատանքով ցույց է տվել, որ մեր գերակա նպատակը մեր քաղաքացուն ավելի լավը դարձնելն է, ինչպես նշված է այս գրառման վերնագրում: Ինչքան էլ մեզ քննադատեն մեր արածների և դեռևս չարածների համար, մեր համար միշտ անկյունաքարային է եղել և մնում մեր քաղաքացիների բարօրության բարձրացումը: Դրա մասին են վկայում վերջին յոթ տարիների բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված մեր համայնքների զարգացմանն ու բարգավաճմանը՝ ճանապարհաշինությունից մինչև դպրոցաշինություն, աշխատատեղերի ստեղծումից մինչև համակարգային բարեփոխումներ: Անշուշտ, եղել են նաև թերացումներ, քանի որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Եվ մենք երբեք չենք խուսափել խոսել դրանց մասին և ընդունել դրանք:
Մեր կողմից իրականացվող մի շարք բարեփոխումներ կարող են անհարմարություններ պատճառել մեր բազմաթիվ քաղաքացիների, սակայն դրանց իրական և միակ նպատակը կրկին ձեզ՝ բոլորիդ, ավելի լավը դարձնելն է: Որոշ դեպքերում այդ բարեփոխումների և ծրագրերի ազդեցությունը երևում է անմիջապես, մյուս դեպքերում՝ տարիներ անց, բայց դրանք չանելն անընդունելի է, քանի որ դա կնշանակեր վատնել ձեր կողմից մեզ վստահված ժամանակը: Սա վերաբերում է թե՛ կենտրոնական իշխանություններին՝ կառավարությանը և Ազգային ժողովին, թե՛ համայնքային իշխանություններին:
Այս համայնքային ընտրություններին ընդառաջ՝ Գյումրիի և Փարաքարի մեր սիրելի քաղաքացիները, պատասխանելով այս պարզ հարցին, հեշտությամբ կարող են կողմնորոշվել, թե ում ընտրել: Ո՞վ և ովքե՞ր են ձեզ և ձեր համայնքը ավելի լավը դարձնելու և ոչ թե կենտրոնանալու իրենց անձի կամ քաղաքական ուժի ամենալավը լինելու վրա:
Մենք նաև միշտ բաց ենք ձեր մտքերի և առաջարկների համար: Ի՞նչ եք կարծում՝ ինչով կարող ենք մենք ձեզ հետ միասին ավելի լավը դարձնել մեր և ձեր համայնքները:
Հ.Գ. Կարծում եմ նաև՝ բոլորս պետք է վերաիմաստավորենք «իշխանություն» եզրույթը, որը ժողովրդավարական երկրներում սովորաբար չի օգտագործվում, քանի որ չի արտահայտում ժողովրդավարական ընտրություններով ձևավորված խորհրդարանի, կառավարության կամ համայնքային իշխանությունների իրական հարաբերությունների բնույթը ընտրողների, քաղաքացիների և ժողովրդի հետ: Ժողովրդավարության կառուցման ճանապարհին անհրաժեշտ է գտնել ավելի պատշաճ եզրույթ այդ հարաբերությունները բնութագրելու համար: