ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարոն Սարուխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում բացարձակ չեմ ճանաչում, բայց Գյումրեցու մտքերում և հիշողություններում մի պաշտոնյա է, որի օրոք քաղաքում տիրում էր ամենաթողությունը, թալանը, «Ամենափրկչի հաշվի» անվան տակ կոռուպցիոն սխեմաները, իսկ օրենքը գործում էր իրենց գրասենյակի կողմից կամ գրասենյակի դիմաց պպզած և մի թքակույտ ոտքերի արանքը հավաքած անձերի թելադրած օրենսգրքով միայն, այսօր, պաշտոնապես անդրադառնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ սա Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող որոշ թեկնածուների վերջին մենամարտն է` պահպանելու համար իրենց կողմից թալանված ապօրինի գույքերը, հպարտորեն ասում է, որ դա վերջին մենամարտը չէ, դեռ մենամարտներ լինելու են։
Այս ֆոնին վերհիշեցի վերջերս երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ սույն անձնավորության մենամարտի պատմությունը, երբ մի սովորական ծաղկեպսակի հետ մարտի էր դուրս եկել այն ոգևորվածությամբ և շքախմբով, իբրև պսակի կողմից սպասվող հակահարված էր հնարավոր։
Այո՜, վստահաբար, սա ձեր վերջին մենամարտը չէ, դեռ հաջորդ տարիներին էլ եք ծաղկեպսակների հետ մենամարտի դուրս գալու հաղթելու մոլուցքով` նույն ջանասիրությամբ ու շքախմբով, սակայն ապօրինի ձեռք բերված և Գյումրեցուց խլված գույքն այլևս կպատկանի Գյումրեցուն։
Այս ընտրություններում, ձեր կառավարման տարիները հիշողները իրենց գնահատականը միանշանակ տալու են` այդ բարքերին վերջնականապես ճանապարհելով դառը հիշողությունների գիրկ։