Սամվել Բալասանյանի «սևագիր ճակատը»

Գյումրիի քաղաքապետի ընտրությունը յուրահատուկ լակմուսի թուղթ է դառնում, կամ ներքաղաքական լյուստրացիա։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը արթնացրել է գրեթե բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ Գյումրին դարձրել էին բիզնես պրոեկտ սեփական ֆինանսական և քաղաքական կարիերան կարգավորելու համար։

Գլուխները թաքստոցներից դուրս են հանել նույնիսկ տարատեսակ «գողականներն» ու գարեջրագործները։

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն է նույնիսկ «դուխավորվել» և հեռավոր երկրներից ուղերձներ է հղում գյումրեցիներին։ «Համբերության բաժակը լցվել է», իր ուղերձում ասել է Սամվել Բալասանյանը, և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։

Նոր սերունդը հավանաբար չի հիշի Բալասանյանին։ Նա այն քաղաքական գործիչն է, որը սեփական ճակատը քաղաքական սևագիր էր դարձրել։ Նա այն մարդն է, որի ճակատին բազում քաղաքական «դաջվածքներ» կան։

Սամվել Բալասանյանը տարիներ առաջ, երբ հանդիսանում էր «Օրինաց Երկիր» կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, (այն կուսակցության, որը 2008 թվականի քաղաքական վայրիվերումների արդյունքում դարձավ Սերժ Սարգսյանի գրպանի մանրադրամը), ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր ճակատին «ՕԵԿ» է գրված և այն երբեք չի ջնջվելու։ Տարիներն անցան, և Սամվել Բալասանյանի ճակատը դարձավ վատ սովորող աշակերտի խզբզած սևագիր։ Քաղաքական իրավիճակների փոփոխությունների ընթացքում այդ սևագիր ճակատից ՕԵԿ-ը ջնջվեց, գրվեց ԲՀԿ, հետո գրվեց «Հանրապետական», նույնսիկ Նիկոլ Փաշինյան էլ է գրվել 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Գյումրիում նախընտրական բավական սուր մրցակցություն է սկսվել։ Մրացակցությունն այնքան սուր է, որ նույնսիկ որոշ մարդիկ սկսել են սեփական սևագիր ճակատները մաքրել և նորից մտնել քաղաքականություն։

Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանին օգտագործում էր իր քաղաքական նպատակների համար, «Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր․ «Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Բալասանյանի ճակատին և որևէ բան չեմ ընթերցել»: Վահրամ Բաղդասարյանն այն ժամանակ բնականաբար Բալասանյանի ճակատին գրված հավատարմության երդումները չի նկատել ի շահ իր «շեֆի», սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի ներքաղաքական պատմության ձեռագրեր մատյանները վերացել են «Մատենադարան ճակատից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ