Ում ապօրինի գույքի հարցը բարձրացվում է, հիվանդանում է, երկիրը լքում, Բալասանյանի մտահոգությունը սա է. Ղազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ աբսուրդ է, երբ բարոյականությունից խոսում է մարդ, որը բոլոր իշխանությունների ժամանակ կուսակցություն է փոխել, դավաճանել է իրեն քվե տված գյումրեցուն, թողել ու հեռացել է՝ քաղաքը մատնելով բախտի քմահաճույքին:

«Եթե ճիշտ եմ հիշում, ըստ որոշ լուրերի էլ՝ ժամանակին նաև եկեղեցիներում որոշ կուսակցությունների անդամ լինելու երդում էր տվել ու ժխտել էր այդ երդումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ նկատի ունենալով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Բալասանյանը, նկատենք, հայտարարություն է տարածել՝ գյումրեցիներին կոչ անելով ընտրություններին մասնակցել մինուս մեկ ձևաչափով՝ մերժելով իշխող ուժին:

Ղազարյանն ասում է՝ ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու մասով վճիռները վերջին շրջանում ավելացել են, հետևաբար Բալասանյանի զգայնությունն այս հարցի հետ կապված հասկանալիորեն բարձրացել է։ Ըստ նրա՝ այս ուժերը կրկին փորձում են գալ իշխանության, քանի որ, այսպես ասած, փրկությունը դրա մեջ են տեսնում:

«2021 թվականից Բալասանյանները եղել են Գյումրու քաղաքապետ, եթե նույնիսկ «Սև բերդը» սեփականաշնորհած է եղել մասնավոր անձ, ու ինքը նրանից է գնել, ինչո՞ւ հարց չի ծագել իր մոտ, թե ի՞նչի համար են այդ հողատարածքները սեփականաշնորհվել, երբ դա պետք է լիներ համայնքային։ Հայտարարություն անելուց առաջ պետք է հասկանա, թե ինչի մասին է խոսում»,- նկատում է պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ իր խոսքում ընդգծել էր՝ Գյումրու ավագանին իր հրաժարականով ամիսներ առաջ հռչակել է, որ հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքը վերադարձնելու օրակարգը սպասարկելուց։ Կառավարության ղեկավարը հիշեցրել էր Սամվել Բալասանյանի կողմից Գյումրու «Սև Բերդ» ամրոցի շենքը սեփականաշնորհելու մասին: Իր հայտարարության մեջ Բալասանյանը պնդել է, թե ««Սև Բերդ» ամրոցը ձեռք են բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թեն համայնքից»:

Ալխաս Ղազարյանը նկատում է՝ գյումրեցին շատ լավ գիտի Բալասանյանների կատարած յուրաքանչյուր գործողություն, գիտի, թե ով ինչ է արել համայնքում։

«Բալասանյանն ասում է, որ հետ է վերադառնալու, բայց պետք է խոսելուց առաջ զգույշ լինել, որովհետև, եթե վերադառնա, ապա՝ միայն քրեական գործի շրջանակներում։ Ապօրինի գույքի վերադարձը բոլորին է վերաբերում՝ լինես իշխանություն, թե ոչ, միևնույն է, գողացածը պետք է վերադարձնես։ Իշխանության լինելը պատասխանատվությունից չի փրկելու։ Ամեն դեպքում գյումրեցու հիշողությունը շատ թարմ է, ու գրեթե շանսեր չունեն կիսով չափ ձայներ հավաքելու։ Կսպասենք ընտրության արդյունքներին, կսպասենք քարոզարշավին, ես իրենցից արդար ընտրապայքար չեմ սպասում, քանի որ իրենց համար խորթ է դուրս գալ ու շփվել քաղաքացու հետ»,- ասում է պատգամավորը:

Ալխաս Ղազարյանի խոսքով՝ ում հետ կապված ապօրինի ծագման գույքին առնչվող հարց է բացվում, այդ անձի առողջությունը կտրուկ վատանում է, ու դրա անվան տակ հեռանում են երկրից: Միաժամանակ պատգամավորը շեշտում է՝ առաջիկա ընտրություններում ունենալով գողացվածը հետ վերադարձնելու ծրագիր՝ իշխանությունը ոչ միայն Գյումրում, այլ ՀՀ բոլոր մարզերում և քաղաքներում մշտապես հետևողական է լինելու, որ ապօրինի գույքերը վերադարձվեն պետությանը:

Իսկ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի աջակցություն Գյումրիում, փաստում է քաղաքացիների վերաբերմունքը վարչապետին հանդիպումների ժամանակ. «2018 թվականից առաջ և հետո Գյումրին ակնհայտորեն փոխվել է։ Ամեն այցից հետո բոլորն են արձանագրում այդ փոփոխությունը։ Հիմա մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն ունի Գյումրեցու վստահությունն ու մարտի 30-ին կգնա ընտրատեղամաս ու կանի ճիշտ ընտրություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ