Տևական ժամանակ է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեդիադաշտում «մարտնչում են» միմյանց դեմ՝ այս համատեքստում մեկը մյուսին մեղադրելով, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար:
Արձագանքելով այս «գզվռտոցին»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին և Սարգսյանին որակել է կիսամաշ դեմքեր և ևս մեկ անգամ շեշտել, որ իրեն իշխանության է բերել ժողովուրդը և նա էլ կարող է հեռացնել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ նախկին իշխանության ներկայացուցիչների այս հայտարարությունները ծիծաղ են առաջացնում հանրության շրջանում:
Նկատենք, որ վերոնշյալ երկու ուժերին հարողները առաջադրվել են Գյումրու արտահերթ ընտրություններում: Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ այսպես նրանք ցանկանում են մոլորեցնել գյումրեցիներին, սակայն ամեն ինչ վաղուց պարզ է:
Խոսելով Գյումրու ընտրություններում առաջադրված թեկնածուների հայտարարությունների, մասնավորապես Վարդան Ղուկասյանի այն հայտարարության մասին, թե եթե իրենք չլինեին, Գյումրին կմնար առնետներով տնակների քաղաք, Ալեքսանյանն ասում է՝ քաղաքացիները լավ են հիշում, թե ում պաշտոնավարման օրոք էր, որ Գյումրին հիշեցնում էր Գազա քաղաքը, որտեղ փողոցները, ասես, ռմբակոծված լինեին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն ընդգծում է՝ գյումրեցին պետք է հաշվի առնի այն, որ տարատեսակ ուժեր բացեիաբաց խոսում և հայտարարում են այն մասին, որ փորձում են ձևավորել բոլորը մեկի դեմ դաշինք:
Ալեքսանյանի համոզմամբ՝ կոալիցիոն կառավարումը համայնքներում ոչ մի լավ տեղ չի տանում, և շատ լավ կլինի, որ գյումրեցին իր վճռորոշ քվեն տա «Քաղաքացիական պայմանագրին», քանի որ դա իշխող ուժը ընդունելու է ի գիտություն և կատարելու է իր առաջ դրված բոլոր ծրագրերը:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: