Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»:
Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի կողմից նշված պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով «Սև Բերդ» ամրոցը ևս քննության առարկա է: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում:
Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ, «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլի 22-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։Այնուհետև, Պաշտպանության և Արդարադատության նախարարության պետական բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Մասնավորապես՝ ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերվող՝ Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147-Ա որոշմանը՝ Պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած Տիգրան Պետրոսյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից։2012 թվականի նոյեմբերի 15-ին Տիգրան Պետրոսյանը 626 քմ մակերեսով Սև Բերդ ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքն օտարել է Սամվել Բալասանյանին։
Վերը նշված դեպքի կապակցությամբ, ինչպես նաև Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ձեռք բերած անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելու, տնօրինելու իրավաչափությունը ստուգելու և, ըստ այդմ, անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում է նախաքննություն:Միաժամանակ կատարված նախաքննությամբ հիմնավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանին հարակից՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև փողերի լվացման հանգամանքը:Արդյունքում, Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը, ինչպես նաև դրան հարող հողատարածքները դարձել են Սամվել Բալասանյանի ընտանիքի սեփականությունը:2024 թվականի հոկտեմբերի 2-ին Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործող Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երեք անձի նկատմամբ:Դատախազը Խաչատուր Բալասանյանի և վերոնշյալ երեք անձանց վերաբերյալ մասն անջատել է քրեական վարույթից և հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:Սամվել Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, հայտարարված է հետախուզում»։