Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատողական զեկույցում առաջարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ՝ կապված անհետ կորածների հետ։
Զեկույցում նշվում է, որ ներկայումս ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կան Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհետ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված մնացորդները կարող են պատկանել երկու կողմերին։ Հետևաբար ԴՆԹ-ի համեմատական վերլուծության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու և ընտանիքներին արդյունքները ներկայացնելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը:
«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ընձեռելուց, կնպաստի նաև տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։ Սա հնարավորություն կտա ցուցադրելու հակվածությունը՝ լուծելու անհետ կորածների որոնման հարցը որպես հիմնախնդիր, որը դուրս է ազգային սահմաններից»,- ասվում է զեկույցում: