Այդ ուժերը Գյումրիում քաղաքական պայքարի մեջ են մտել 2026-ին պլացդարմ լինելու համար․ Նազելի Բաղդասարյան

Երեկ Գյումրիում գալա միջոցառումից հետո վարչապետը զբոսնել է Գյումրիում, զրուցել ու նկարվել գյումրեցիների հետ։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, որը մասնակցում էր զբոսանքին, զրուցել ենք գյումրեցիների արձագանքի և Գյումրու ընտրությունների մասին։

«Ինչպես միշտ, պարոն վարչապետի յուրաքանչյուր այց Գյումրիում անցնում է շատ բուռն, ջերմ և գրկաբաց, և նախօրեին էլ այդ ամենի ականատեսը եղանք։ Կարևորն այն է, որ այդ ջերմությունը խիստ փոխադարձ էր։ Եվ կարևորն այն էր, որ Գյումրիի տրամադրվածությունը, անգամ նախընտրական քարոզարշավից դեռ մեկ շաբաթ շուտ, շեշտակի կերպով զգացվում է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Դիտարկմանը՝ ընդդիմադիր լրատվականները գրում են, թե իբր վարչապետի հանդիպումը գյումրեցիների հետ լավ չի անցել, Նազելի Բաղդասարյանն ասաց, որ նման գրառումների ինքն էլ է հանդիպել սոցիալական հարթակներում, սակայն նշեց, որ դա միայն ժպիտ է առաջացրել:

«Ես հասկանում եմ ընդդիմության ներկայացուցիչների այն բոլոր վախերը, որ իրենց պարուրել է այս օրերին, պարզ է, որ նման բազմամարդ երթեր դժվար թե կարողանան կազմակերպել, և շատ դժվար է Գյումրիում հպարտորեն շրջել՝ հատկապես, եթե դու ասոցացվում ես այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք տարիներ շարունակ կեղեքել են Գյումրին, որոնք հետերկրաշարժյան Գյումրին վերածել էին մեկ թույլ կետի, որը պետք է միշտ պատժել, իսկ Գյումրին էլ միշտ տալիս էր համապատասխան գնահատական»,- նշեց Նազելի Բաղդասարյանը։

Երեկ ՀՀ վարչապետը գալա միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է, որ Գյումրու ընտրություններում որոշ դեմքերի տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին և հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ։

Այս առնչությամբ Նազելի Բաղդասարյանն ասաց. «Ես, որպես գյումրեցի, կարող եմ ևս մեկ անգամ փաստել այն ամենը, ինչ որ եղել է Գյումրիում այդ տարիներին, երբ ընտրությունների ժամանակ լույսեր էին հանգում, երբ ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց ազգականներ գալիս ընտրատուփերն էին տանում, փորձում էին սպառնալիքներ հնչեցնել, մարդկանց էին ահաբեկում, մարդկանց հետ քաշքշուկ և ծեծկռտուք էր լինում. այդ ամենը նկարահանված կա, փաստերով կա, եթե անհրաժեշտություն լինի՝ կհրապարակենք։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գյումրեցի հիշում է այն ահուսարսափը, որը տարբեր տարիներին եղել է, և որը տարբեր իշխանական ռեժիմների հստակ ձեռագիրն է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ