ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ևս մեկ գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին իշխանություններին ու նրանց հովանավորյալների մեղադրանքներին:
«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում:
Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես:
Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը:
Էն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը հայտնել էր, որ երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է իրեն իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել էր, թե ով էր իրեն իշխանության բերել և ով կարող է հեռացնել: