Նախկին երկու՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի փոխադարձ մեղադրանքները՝ միմյանց դեմ քարոզչական արշավներ պատվիրելու մասին, ծիծաղ ու միաժամանակ տարակուսանք են հարուցում, քանի որ արշավ, այն էլ՝ քարոզչական, այն էլ՝ կեղտոտ ու սևացնող, հնարավոր չէր «պատվիրել», եթե չլինեին դրա համար անհրաժեշտ նախադրյալներ, եթե կուզեք՝ փաստական հիմքեր։ Այլապես, ինչպես կասեր ժողովուրդն ու կկրկներ հայտնի օլիգարխ, մեծն առյուծասեր քաղգործիչը՝ «չոր բանը մարդու վրա չի կպնում»։ Տպավորություն է, թե «ղարաբաղյան կլան» հորջորջված 20-ամյա ռեժիմն իր պաշտոնավարման տարիներին աշխատել է իդեալական՝ անվրեպ ու անթերի, անմնացորդ ծառայել ժողովրդին ու պետությանը, դրա առաջին դեմքերն էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եղել են սրբազնագույն, ոտքներն ամպոտ, «մե հրաշք» անձնավորություններ, և ահա, մեկը մյուսի հանդեպ «չուզողության» պատճառով որոշել են արշավ կազմակերպել միմյանց դեմ։ Արդ, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ նպատակով էր այդ արշավն իրականացվում, և ամենակարևորը՝ ո՞վ էր այդ արշավի «շահառուն» և «հանդիսատեսը»։ Թատերական ներկայացումների նպատակն, օրինակ, այս կամ այն գործը բեմադրելով հանդիսատեսին վեհ արժեքներ, ուղերձներ փոխանցելն ու արվեստի միջոցով կրթադաստիարակչական արշավ իրականացնելն է։ Արդ, ո՞րն է եղել քաղաքական թատրոնի փորձառու գեղղեկների՝ նախկին նախագահների արշավի նպատակն ու ո՞վ՝ հանդիսատեսը։ Արդյոք ժողովո՞ւրդը, որի աչքում էլ քաղաքական բեմը կիսել չկարողացող, դրա նկատմամբ լիակատար տիրապետում ունենալու նպատակով այս կամ այն կողմը փորձել է հանդիսատեսի աչքում նվաստացնել կամ սև, գորշ գույներով պատկերել մրցակցին։ Նկատենք, որ նախկին ռեժիմի ամենամեծ դժբախտությունն այն էր, որ կտրված էր «հանդիսատեսից»՝ ժողովրդից, որպես իշխանության աղբյուր և կրող, ժողովուրդն էլ, բնականաբար, խորթացած էր իրեն կառավարող, բայց իր կամքը չարտահայտող ուզուրպատորներից։ Եվ թե երկրորդը, թե երրորդը, անկախ այն բանից՝ ինչ ծավալով ու հետևողականությամբ էին իրար ոտքի տակ փորում կամ միմյանց վրա տակառներ գլորում, իր վերաբերմունքի հարցում թերևս մնում էր անհողդողդ։ Ժողովուրդը տեսնում, հասկանում, իր մաշկի վրա զգում էր իր կողմից չընտրված կառավարիչների պաշտոնավարման աղետալի ընթացքը, դրա հետևանքով ստեղծված «գաղջ մթնոլորտը» զգալու, հասկանալու համար չուներ լրացուցիչ արշավների կարիքը։ Հետևապես Քոչարյանի կամ Սարգսյանի հանրային վստահության բացասական տոկոսը չէր աճում կամ նվազում հօգուտ կամ ի վնաս մյուսի, «չարյաց փոքրագույնը» չէր դառնում «չարյաց մեծագույն» կամ դադարում այդպիսին լինել։ Երկուսն էլ շարունակում էին ընկալվել ու դիտարկվել որպես «չարյաց ծայրահեղություն»։ Բայցևայնպես շատ հետաքրքիր է, թե հատկապես ո՞ր հարցերի շուրջ է, ասենք, ՀՀԿ-ն, ինչպես Քոչարյանի թիմն է պնդում, արշավ կազմակերպել վերջինիս դեմ։ Գուցե հրապարակե՞ն թերթերի, կայքերի, ԹիՎի-ների անուններն ու դրանցով տիրաժավորված նյութերի հղումները՝ արշավը բոլորիս համար ավելի առարկայական դարձնելու համար։
Իսկ նախքան այդ մի քանի հարցադրում անենք՝ երբ Քոչարյանի պաշտոնավարման «արյունոտ տասնամյակի» վերաբերյալ նյութեր էին հրապարակվում մամուլում, դա արշա՞վ էր երկրորդ նախագահի դեմ, թե՞ տեղի ունեցածի վավերագրում։ Երբ «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի ողբերգության, դրանց կազմակերպիչների, իրականացնողների, դրանց չբացահայտված կամ մինչև վերջ չբացահայտված լինելու մասին բազում հրապարակումներ էին տեղ գտնում մամուլում, դա արշավ էր հատկապես ո՞ւմ դեմ՝ Սարգսյանի՞, թե՞ Քոչարյանի, որոնք երկուսն էլ պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում և ի պաշտոնե պատասխանատու էին տեղի ունեցածի համար։ Երբ թե Քոչարյանի, թե Սարգսյանի օրոք երկրում փթթող կոռուպցիայի, ապօրինի հարստացման, մենաշնորհների, «բեսպրեդելի», հովանավորչության, բռնաբարված արդարադատության ու այլ այլանդակությունների մասին փաստեր, ապացույցներ էին հրապարակվում մամուլում, դրանք «պատվե՞ր» էին, թե՞, նորից կրկնենք, փաստերի արձանագրում։
Հ. Մ.