«Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ» վերադարձնելու ենք պետությանը. Փաշինյան

Ինչպես հայտնել ենք, Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի է ունեցել գալա միջոցառում։

Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել առաջիկա ՏԻՄ ընտրությունների առիթով ու ասել, որ գյումրեցու և փարաքարցու ընտրությունը կուսակցության համար օրենք է:

Վարչապետը նաև նշել է, որ իրենք պարտավորություն ունեն ժողովրդին զեկուցել, թե ինչ են վերադարձրել պետությանը:

«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում: Ո՛չ, դա հենց ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ»,- ասել է նա:

Անդրադառնալով Գյումրու արտահերթ ընտրություններին, վարչապետը նշել է, թե արտահերթ ընտրություններն այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավագանին հրաժարվել է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձնելու օրակարգը սպասարկելուց:

«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ