Խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել Լոնգ Այլենդում. կրակը սպառնում է Նյու Յորքի բարձրակարգ արվարձաններին, որտեղ ապրում են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգը, Ալեք Բոլդուինը և Ջենիֆեր Լոպեսը:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է արտակարգ դրություն և զգուշացրել, որ իրավիճակը կարող է վատթարանալ:
«Ես անհանգստացած եմ օդի որակով: Ծխի ինտենսիվությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել»,- ասել է Հոչուլը CNN-ին:
ԱՄՆ Ազգային գվարդիան արդեն տեղակայել է չորս Blackhawk ուղղաթիռ՝ հրդեհների դեմ պայքարելու համար։ Նյու Յորք նահանգի որոշ ճանապարհներ արդեն փակվել են հրդեհների պատճառով, իսկ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։
Հրդեհի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն տեղի բնակիչները պնդում են, որ այն կարող էր սկսվել տարածքում մի մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Լոս Անջելեսը պատած հրդեհները ավերակների են վերածել հայտնիների բազմաթիվ շքեղ առանձնատներ։