ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Արման Ղազարյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Արփինե Մնացականի Ղազարյանը, Մանյակ Սերգեյի Ղազարյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով վարչություն։ Сivic.am-ը «azdarar.am» հարթակից տեղեկացավ, որ հիշյալ անձինք Դատախազություն պետք է ներկայանան մարտի 10-ին։ Նրանց պատկանող գույքերի վերաբերյալ դատախազությունը կատարել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
Նշենք, որ նախքան պատգամավոր դառնալը Արման Ղազարյանը 2002-2021 թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը, պատգամավոր է դարձել 2022թ. դեկտեմբերի 8-ին։
Արման Ղազարյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ, ինչպես «Հետք»-ն էր ժամանակին գրել, ապամոնտաժվել և յուրացվել էր համայնքի հողերը ոռոգելու համար խորհրդային տարիներին կառուցված 1.8 կմ երկարությամբ ջրագիծը։ Բացի դրանից, Արման Ղազարյանի և համայնքի ավագանու որոշումներով Զոլաքարի մանկապարտեզի հողատարածքի մի մասն օտարվել էր նրա եղբորը, որն էլ նույն հողը վարձակալության էր տրամադրել հեռահաղորդակցության օպերատորին։ Այս գործարքի հետևանքով համայնքը զրկվել էր լրացուցիչ եկամտից։ Երրորդ դրվագով Արման Ղազարյանը համայնքապետարանի հաստիքացուցակում ներառել էր անձանց, որոնք աշխատանքի չէին հաճախել, գտնվել էին ՀՀ-ից դուրս, բայց վարձատրվել էին։ Կայքի հրապարակումների հիման վրա քրեական գործեր էին հարուցվել։
Նշենք, որ Արման Ղազարյանն իր մանդատավոր մյուս կոլեգաների՝ Գառնիկ Դանիելյանի, Արթուր Սարգսյանի հետ ակտիվ մասնակցում էր «Սրբազան շարժման» ակցիաներին։