Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին դեռ մի ամբողջ շաբաթ կա, սակայն քարոզարշավը մեդիա դաշտում ոչ միայն սկսվել է, այլ այս տեմպով շարունակվելու դեմքում կարող է վերածվել «թատերական ներկայացման». դե, բնական է, Գյումրին հումորի, հայ ստեղծագործ մտքի, թատրոնի կենտրոնն է:
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է 6 կուսակցություն, 3 դաշինք: Առաջադրված թեկնածուները թեև ներկայանում են տարբեր կերպ՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլընտրանքային ուժ, կամ լրիվ նոր ուժ, սակայն բոլորին էլ գյումրեցի ընտրողը լա՛վ է ճանաչում, իսկ այս ընթացքում՝ նորովի բացահայտում:
Մեկն օգտագործում է ավանդական ֆայտոնը, մյուսն ընտրել է շուտասելուկների և հանելուկների ժանրը, երրորդը՝ գյումրու բարբառը. շարքն անվերջ է:
Ընտրապայքարի մեջ մտած ուժերն ու անհատները, չսպասելով քարոզարշավի մեկնարկին, սկսել են խոսել ոչ այնքան սեփական ծրագրերի ու անելիքների, որքան գործող ուժի՝ այսպես ասած՝ վախերի մասին:
Արդյոք իշխանությունը հակառակորդներին չեզոքացնելու համար թիրախավորո՞ւմ է նրանց, օրինակ՝ բռնաճնշումների ենթարկում, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե իշխանությունը վախեր ունենար, չէր գնա նախնական ընտրության՝ փրայմերիզի ճանապարհով:
Ըստ պատգամավորի՝ բռնաճնշումներից խոսում են անհատներ, որոնց կառավարման օրոք Գյումրիում տիրել է ամենաթողություն՝ «բեսպրիդել»:
Դիտարկմանը՝ որոշ ուժեր պնդում են՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն այնքան ցածր է, որ Սարիկ Մինասյանը չի ստանա բավարար չափով ձայներ և հաղթահարի անցողիկ շեմը, Ազարյանը նկատում է՝ գյումրեցին շատ լավ հիշողություն ունի, և ընտրությունների ելքը լինելու է ոչ կոալիցիոն դաշտում:
Իսկ ո՞րն է Սարիկ Մինասյանի առավելությունը, հանուն որի գյումրեցին պետք է ընտրի նրան և ոչ թե մնացած ուժերին կամ անհատներին, Ջուլիետա Ազարյանն ասում է՝ Սարիկ Մինասյանը ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում հասցրել է լուծել Գյումրու համար առաջնային կարևորության խնդիրներ, ինչպիսիք են թափառող կենդանիների ապաստանի ու ստերջացման հարցը, լուսավորության և այլն:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: