Մինչև «քոքը մաշված սպառնալիքը». Քոչարյանը ոչ միայն «նվեր» է, այլ «գանձ» Ադրբեջանի համար

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխաններից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը որակել էր որպես «նվեր» իշխանությանը։ Այդ «նվեր» ընդդիմության ներկայացուցիչներից մեկի որդին էլ՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում իր հերթին «նվեր» է որակել Նիկոլ Փաշինյանին։

Ընդ որում՝ ուշադրություն դարձնենք, որդի Քոչարյանն այս արտահայտությունն արել է՝ ի պատասխան սեփական ԶԼՄ-ի լրագրողի այն հարցի, թե՝ «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում ասաց, որ մասնակցելու է ընտրություններին, անհանգստություն է առաջացրել նաեւ Ադրբեջանում, սա ինչո՞վ եք պայմանավորում, էստեղ էլ է նույն անհանգստությունը, էնտեղ էլ, ինչո՞ւ են այդպես անհանգիստ․․․»։

«Ադրբեջանի համար էն իշխանությունը, որը մենք ունենք վերջին տարիներին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի հատ մեծ նվեր ա իրենց համար։ Ու, բնականաբար, էն, ինչը կարող է սպառնալ էս իշխանությունների չլինելուն, էնտեղ, բնականաբար, դրան շատ վատ են արձագանքելու»,- ասել է Լևոն Քոչարյանը:

Փաստորեն, կրտսեր Քոչարյանը հայտնվել է երազում կուտ տեսած, այսինքն՝ ֆանտաստիկայի ժանրը չարաշահած հավի կարգավիճակում՝ «սպառնալիք» է համարում «մինչեւ քոք մաշված» մի գործչի, որը 2021-ի ընտրությունների ժամանակ, հիշեցնենք, ինքն էր սպառնում «մաշացնել» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու «կրել»՝ վերցնել իշխանությունը։

«Շինիչ» հորդոր կրտսեր Քոչարյանին՝ ավագ Քոչարյանի կարողությունների մասին հրապարակավ արտահայտվելիս դրսեւորել ոչ թե ծաղրահեգնական, այլ՝ հումանիստական վերաբերմունք։

Ինչեւէ։ Ադրբեջանական մամուլում, որքան հաջողվեց մոնիթորինգ անել, այդպես էլ չֆիքսեցինք քոչարյանական ԶԼՄ-ի լրագրողի ասած «անհանգստությունը»։ Այսուհանդերձ, անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանում անհանգստանան Քոչարյանի քաղաքական անադեկվատ հավակնությունների՝ վերադարձի մասով, եթե հենց նա է, որ եղել է եւ կա «նվեր» Ադրբեջանին։

Այո, միայն «նվեր»-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթած երկրի ղեկավարը պարտված կողմի՝ Ադրբեջանի հետ կմտներ Մեղրին Ղարաբաղով փոխանակելու հարցով քննարկումների մեջ՝ այսպիսով խեղաթյուրելով ԼՂ խնդրի էությունը՝ ինքնորոշման իրավունքի իրացման ակտից վերածելով ՀՀ-Ադրբեջան տարածքային վեճի։ Միայն «նվերը» ԼՂ խնդրի կարգավորման բանակցային սեղանից դուրս կթողներ միջազգայնորեն բանակցային լիիրավ կողմ ճանաչված սուբյեկտին՝ Լեռնային Ղարաբաղին՝ պատճառաբանելով, թե քանի որ ինքը ղարաբաղցի է, Հայաստանից բացի, «ձեռքի հետ» էլ կներկայացնի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Միայն «նվերը» կհամաձայներ կարգավորման Մադրիդյան փաստաթղթին, որտեղ միաժամանակ ֆիքսված են ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը (այս երկու սկզբունքներին հղումները, ինչպես ժամանակին նկատել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «սոսկ դիվանագիտական հնարք է՝ քողարկելու Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին՝ ինքնավարության կարգավիճակով), միայն «նվերը» կհամաձայներ նույն այդ փաստաթղթով արդեն իսկ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի 1991 թ․ անկախության ակտը «ջրելուն» եւ ԼՂ իրավական կարգավիճակը անորոշ ապագայում՝ պլեբիսցիտի միջոցով որոշելուն։

Ի դեպ, իր իրավահաջորդին «նվեր» թողնված սույն տխրահռչակ փաստաթուղթը քննադատելու գայթակղությանը չկարողացավ չտրվել նաեւ երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը՝ 2017-ին ԱԺ-ին ուղղված իր ուղերձում մասնավորապես նշելով․

«Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը (խոսքը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին է) նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը՝ մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսեւորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արեւմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։ Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձեւակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից»։

Արդ, այսքանից հետո ԼՂ խնդրի հայանպաստ կարգավորման տակ այսպիսի ականներ դրած Քոչարյանն ինչո՞ւ պետք է անհանգստացնի Ադրբեջանին։ Նա մեկն է, որի հետ կարելի է քննարկել կարգավորման ամենապրոբլեմատիկ առաջարկները, պայմանավորվել, առավել եւս այժմ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի խոսույթի ակտիվացման շրջանում, վկայակոչելով թեկուզ ժամանակին գլուխ չբերված՝ Քի Ուեսթի գործընթացը, որի ժամանակ, ինչպես Քոչարյանն է հավաստիացնում, քննարկվում էր Մեղրիով Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող «սուվերեն անցում» կամ «էստակադա» տրամադրելու հարցը։

Կգա Քոչարյանը, բանակցությունները Ալիեւի հետ կսկսի իր «սեփական», գուցե՝ «համատեղ կետից», կտա Քի Ուեսթի բանակցությունների պարամետրերով ճանապարհը կամ այլ զանգեզուրիմիջանցքային պարամետրերով կապուղի, մի բան, որն այդքան ուզում, բայց չեն կարողանում Նիկոլ Փաշինյանից կորզել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Քոչարյանի հետ քիմիական կապով կապված Վլադիմիր Պուտինը։

Այնպես որ, Քոչարյանը ոչ միայն «նվեր» է, այլ՝ «գանձ» Ադրբեջանի համար։

Ի դեպ, Լեւոն Քոչարյանի այս հայտարարության մասին ռուսական «Սպուտնիկ»-ի լուսանկարով հրապարակումը անմահացրել է ՀՀ-ում անցանկալի անձ համարվող, Ռ․ Քոչարյանի պաշտպանությանն արժանացած ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ղեկավարած «Լազարեւյան ակումբ»-ի պաշտոնական կայքը։ Համաձայնեք՝ սա ուղերձ պարունակող վերաբերմունք է նախկին նախագահի որդու նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ