Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել:
Ինչպես հայտնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 6-ին հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին:
Հանդիպմանը ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս ընթացքում սովորողների ցուցաբերած կրթական արդյունքները, ծրագրի իրականացման ընթացակարգը ու հետագա անելիքները:
Կարևորելով «ԱԲ սերունդ» ծրագրի փորձարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ծրագրի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։
«Այս ծրագիրը ոչ միայն մեր սովորողների համար որոշակի ուղղությամբ ավելի խորը և որակյալ կրթություն ստանալու, այլև դպրոցներում կրթության կազմակերպման մոդելի փոփոխության հնարավորություն է, ինչը բխում է հանրակրթության պետական չափորոշչից»,- ասել է նախարարի տեղակալը։
Նա ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում չկա այլընտրանք. պետք է փորձել առնվազն ավագ դասարաններում կրթությունը դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու բովանդակային՝ ուղղված սովորողի կարիքներին ու հետաքրքրություններին:
Արաքսիա Սվաջյանը «ԱԲ սերունդ» ծրագիրը կարևորել է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՝ այդ հարցում ընդգծելով նաև դպրոցների դերը:
Գրանցած հաջողությունների մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանն արձանագրել է, որ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի հայաստանյան փորձը հետաքրքրություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։
«Մենք կարևորում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը․ եթե այն որոշակի թվով դպրոցներում հաջողություն է գրանցում, ապա ծրագիրը պետք է հասանելի լինի ավելի մեծ թվով երեխաների: Ունենք սահմանված թիրախ՝ մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Ծրագրում ընդգրկելու նպատակով դպրոցների ընտրության չափանիշներ ենք սահմանել. ըստ այդմ՝ նպատակահարմար է հաշվի առնել դպրոցների աշխարհագրությունը, բնակավայրերի մեծությունը, աշակերտների թիվը և այլն, սակայն ամենակարևոր չափանիշը դպրոցների ցանկությունն ու պատրաստվածությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշել է, որ «ԱԲ սերունդ» ծրագիրը շատ կարևոր է ռազմավարական առումով: «Մեր հավակնոտ նպատակն այն է, որ Հայաստանը նորարարության երկիր դառնա»,- ասել է նա՝ կարևորելով դպրոցների ու այլ կառույցների մասնակցայնությունն ու համագործակցությունը:
«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում, դրանում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել, ընդհանուր առմամբ, 45 դպրոց:
Ծրագրի ազդեցության վերաբերյալ խոսելիս նշվել է, որ առաջին տարվա արդյունքներով՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։ Ծրագրում ընդգրկված 10-րդ դասարանի հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջինը 2.2 անգամ բարձր է այլ աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։
Ծրագրի շահառու դպրոցների ղեկավար կազմի գնահատմամբ՝ աշակերտները սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ծրագրին, որը թեև բարդ է, բայց նաև հաճելի է և հետաքրքրական: Նրանց խոսքով՝ ծրագրի առկայությունը դպրոցներում տեսանելիորեն նպաստել է կրթական գործընթացի կազմակերպման նոր մշակույթի ձևավորմանը և այն համապատասխանում է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։