Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական, եթե այլ պետություններում ստացել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 6-ի նիստում։
Նախագիծը մշակել ու կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հիմնավորման՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա ՀՀ ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու, սակայն դրա կարգավորումները, կիրարկումը բացակայում է։
Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքը պատասխանատվություն է սահմանում ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար։ Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են ՀՀ և ՀՀ-ում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։
Նման կարգավորումը զրկում է վերը նշված կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով ՀՀ այցելելու հնարավորությունից։
Նախագծի ընդունմամբ, ըստ ՆԳՆ-ի, ազգային վկայականների տրամադրման գործընթացը կկարգավորվի։