Կրկնակի կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծերի փաթեթը, որը վերաբերում է խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը, երկրորդ ընթերցմամբ քննարկման ռեժիմում փոփոխության է ենթարկվել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօրվա իր ելույթում հայտնել էր՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ:

Նրա խոսքով՝ 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությունում իրեն աջակցելու համար:

«Չնայած նրան, որ բազմաթիվ գործընկերներ տարբեր փաստարկներով փորձում էին հիմնավորել, որ այս փոփոխությունների կարիքը չկա, վարչապետը ոչ միայն աջակցեց, այլև ինձ առաջարկեց փոփոխություններն ուժի մեջ մտցնել անմիջապես, ոչ թե 6 ամիս անց, ինչպես օրենքի նախնական տարբերակով էր սահմանված»,- խոսքը եզրափակել էր Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ