Պետությունն ամեն քայլ պետք է անի, որ թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը. Թունյան

Խաղային օպերատորի մասին օրենքն ընդունվել է անցած տարվա հունիսին, բայց նույն օրենքի մեջ նշված է, որ օպերատորը պետք է լինի այս տարվա ընթացքում, այսինքն՝ նշված չէր, որ օրենքն ընդունելուց անմիջապես հետո օպերատոր պետք է լինի, որովհետև դա աշխատանքային պրոցես է ու ժամանակ է պահանջում: Այս մասին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ դրա համար պատասխանատու է ՊԵԿ-ը, և իրենք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագանա:

Ըստ պատգամավորի՝ հարցին պետք է նայել այլ տեսանկյունից, երբեմն պետք է առանց աղմուկի կարգավորումներ մշակել, քան դրա մասին անընդհատ խոսել:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթին՝ Թունյանը նկատեց՝ ի վերջո չի հասկանում՝ նրանք կո՞ղմ են, թե՞ դեմ են այս նախագծին:

«Բաներ կան, պարո՛ն Ավետիսյան, որ միշտ կարելի է և՛ դրականը ներկայացնել, և՛ բացասականը: Դուք միշտ այնպես եք ներկայացնում, ինչպես ձեզ պետք է: Քաղաքական նպատակահարմարությունը հասկանում եմ, բայց բաներ կան, որ ինքներդ՝ որպես տնտեսագետ, չպետք է դեմ գնաք մասնագիտական ճշմարտությանը: Ամեն ինչ պետք է տրամաբանության սահմաններում լինի»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է ցանկություններին, նշեց՝ կարելի է այստեղ օրենք բերել, որ բոլորը այսուհետ պետք է երջանիկ ապրեն:

«Եղբա՛յր, սա մենակ օրենք գրելով չի: Սա պիտի հնարավոր լինի ի կատար ածել: Ասում եք՝ 0,1 տոկոսից բարձրացնում եք 0,2 տոկոսի: Դա ընդամենը մեկ հարկատեսակի կոմպոնենտն է: Դրանից բացի՝ այս ընկերությունները հարկվում են ընդհանուր տուրքով, շահութահարկով, այլ հարկերով, մի հատ էլ սա է կրկնապատկվում, մի հատ էլ ուժի մեջ է մտնելու եկամտային հարկը: Ընդհանուր՝ բոլորը միասին, անցած տարի վճարել են մոտ 45 միլիարդ դրամ հարկ:

Այնպիսի տպավորություն եք ուզում թողնել, որ ոլորտը 1 տոկոս էլ չի հարկվում: Այդպես չէ:

Միջազգային ցուցանիշների համաձայն՝ ոլորտի հարկումը միջինում կազմում է 35 տոկոս՝ իրենց եկամտի համեմատ, հիմա, այս նախաձեռնությամբ, կդառնա 45 տոկոս: Հետո, երբ եկամտային հարկն էլ ուժի մեջ մտնի, կդառնա 50 տոկոս»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա կոչ արեց կողմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծին, ընդգծեց՝ պետությունն իր կողմից ամեն քայլ պետք է անի մաքսիմալ կարճ ժամանահատվածում, որպեսզի թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ