ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Այս մասին «Ազատության»-ը հայտնել են Կառավարության լրատվականից՝ նշելով, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:
Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» զանգերին չի պատասխանել:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:
«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են»,- փոխանցել է Դրմեյանը:
Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաև ամիսներ առաջ:
Ավելի վաղ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները և տեղեկացրել, որ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը: