«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով»:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի դիտարկմանը, թե օրերս տեսաուղերձի ժամանակ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ այնտեղ գտնվող բոլոր գերիներն ու պատանդները չեն վերադարձել Հայաստան:
Այդ համատեքստում Միրզոյանը նշեց. «Ես սովորաբար ջանքեր եմ գործադրում, մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին, բայց այս դեպքում չեմ կարող չանել. առաջարկը կարող եմ գնահատել անսթափ: Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսըս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել»:
Միրզոյանը նաև հայտարարեց, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ.
«Մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունը օր առաջ իրականություն դառնա, և բոլոր առկա խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում նաև գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը անշուշտ մեր առաջնահերթություններից մեկն է, և մեր օրակարգում է»: