Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան։ Եռաբլուրն այսօր կրկին մարդաշատ էր, Սպարապետի շիրիմին այցի էին եկել հարազատները, մարտական ընկերները, իշխանության ներկայացուցիչներ և պարզապես սովորական քաղաքացիներ։
Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որը Վազգեն Սարգսյանի սանիկն է, պատմեց, որ թեև փոքր է եղել, բայց հիշում է նրա հետ կապված բոլոր օրերը, նրա վերջին ծննդյան օրը։
Քանի որ շատերից ենք լսել, որ եթե Վազգեն Սարգսյանը չսպանվեր մենք այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան, Անի Խաչատրյանն ասաց․ «Վազգեն Սարգսյանն իր մահով ապացուցեց, որ այո, մենք ապրելու էինք ուրիշ Հայաստանում։ Այսօր արդեն պարզ է, թե ինչու Վազգեն Սարգսյանը սպանվեց ու Վազգեն Սարգսյանը հենց տանում էր լրիվ ուրիշ Հայաստանում ապրելու, իր՝ Մեղրիի հայտնի գրառումը վկա, այսօրվա Մեղրիի շուրջ առևտուրը վկա, և նախկին իշխանությունը, որ ասուլիսներ է տալիս ու խոստովանում, որ այո, Մեղրիի շուրջ եղել են բանակցություններ։ Հետևաբար արդեն պարզ է, թե Վագզեն Սարգսյանն ինչու սպանվեց»,- ասաց Անի Խաչատրյանը։
Սպարապետի դերն անուրանալի է Հայոց բանակի կայացման գործում, Հայաստանի անկախության կայացման գործում։ Նշենք, որ 1992 թվականին նորանկախ Հայաստանի համար ամեադժվար օրերին նաև սպարապետի ջանքերով ստեղծվեց Հայոց բանակը։
1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորած Միասնություն դաշինքը, պատերազմից հետո շատ դժվարություններով անցած հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում նրանց միասնությունից, ՀՀ բոլոր բնակավայրերում նրանց դիմավորում էին, աղ ու հացով, գառ մորթելով ու զուռնա-դհոլով։ Սակայն հոկտեմբերի 27-ից հետո առնվազն երկու տասնամյակ մեր երկիրը հետընթաց ապրեց։
Վագզեն Սարգսյանին բոլորը պատկերացնում էին, որպես միշտ մարտական ու խիստ բնավորությմաբ մարդու, սակայն այդ խստության հետ զուգահեռ Վազգեն Սարգսյանը նաև կենսուրախ մարդ էր, կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը երգում, անգամ՝ պարում, իսկ երբեմն էլ՝ արտասվում։
Ի դեպ այսօրվանից կինոթատրոններում կցուցադրվի Վազգեն Սարգսյանին նվիրված վերջին սպարապետը ֆիլմը։ Ֆիլմում Վազգեն Սարգսյանին մարմնավորում է հայտնի և սիրված դերասան Խորեն Լևոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում