Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Իրական Հայաստանի ռազմավարության վերաբերյալ քննարկումներին։
«Մենք արդեն մի քանի հարյուր քաղաքացիներից հանդիպումների հայտեր ենք ստացել, և իմ պլանը հետևյալն է, որ մենք հիմա արդեն հաջորդ չորեքշաբթի օրը և այն չորեքշաբթիները, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան չկա, մենք քաղաքացիների հետ հանդիպումներ իրականացնենք, իսկ մարզային հանդիպումները՝ ոչ աշխատանքային օրերին:
Այս պահին արդեն տեսանելի բոլոր չորեքշաբթիները նշանակված են հանդիպումներ, մարզային հանդիպումների գրաֆիկը նույնպես ճշգրտվում է»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ առաջիկայում այդ շփումները շատ ինտենսիվ են լինելու, և, պլանը նաև այն է, որ և՛ Կառավարության գործունեության գծով, և՛ կուսակցության գործունեության գծով, և՛ Իրական Հայաստանի գաղափարախոսության գծով մարզային այցերը համադրվեն։