Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Արամ Սարգսյանի դուստրը՝ Ծովինար Սարգսյանը գրել է.
Նամակ հոպարիս…
Հոպար ջան, նորից գրում եմ… Գրում եմ, որովհետև գրելը ժառանգել ու սովորել եմ քեզնից, գրում եմ, որովհետև իմ գրի մեջ գտնում եմ քեզ: Իմ վերջին նամակից հետո գլխովս ինչեր ասես չեն անցել. շատ բաներ փոխվեցին, բայց կար ներքին ուժ, կամք, որը ամփոփոխ էր, և դա դու էիր, դու ու տատին: Շատ լավ եմ ճանաչում էն զգացումը, երբ ինչ-որ մեկը կողքդ է, բայց դու նրան չես տեսնում, ինչ-որ մեկը ձեռքդ բռնում է, բայց ձեռքիդ ոչ մեկի ձեռքը չի հպվում: Այդ զգացումը քո շշուկն է ինձ.
-Ծովինար, ես քեզ հետ եմ…
Հետաքրքի՞ր է ինձ ինչպես կանվանեիր՝ Ծովինա՞ր, Ծովո՞, թե Ծովի՞կ (բացարձակ չեմ սիրում,խնդրում եմ էդպես չասես): Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է տատին ինձ ներկայացրել՝ լացկան, փխրուն, էմոցիոնալ, թե կամակոր և ուժեղ: Ինձ ինչպե՞ս ես տեսնում, հոպար ջան, իմ գրի մեջ քեզ տեսնու՞մ ես, չնայած….չնայած, չէ դու շատ ավելի տաղանդավոր ես: Ամեն պատմվածքումդ էմոցիա և հավասարակշռվածություն, սեր ու թախիծ կա: Վերջերս շատ եմ կարդում քո գրականությունը ու այնքան ափսոսում, որովհետև քեզ որպես գրող բավականաչափ չեն գնահատում:
Դու նույնքան անկրկնելի ես քո գրականության մեջ, որքան անկրկնելի էիր բանակի համար: Ու գիտես ինչու՞, որովհետև վառվռուն աչքերով տղան իրականում մնացել է քո գրականության մեջ, իսկ բանակը ստեղծել է քո արջի կերպարը, որը քեզ հետ բացարձակ կապ չուներ: Դու սրտի ու սիրո մասին էիր, դրա համար էլ սիրտ բառը այդքան շատ էիր օգտագործում:
«Սրտի չափ երկիր», «սրտով մտածել», «աշխարհը սրտի չափ իմանալ» հանճարեղ ասույթներ են: Հոպար ջան, իսկ դու իմ սրտի չափը գիտե՞ս: Շատ խոսեցի, շատ ու քո լռության համեմատ անիմաստ, բայց ամենակարևորը չասեցի.
Օրհնվի ծնունդդ, հոպար ջան, սիրում եմ քեզ քո սրտի չափ:
Քո Ծովինար, Ծովո և անգամ Ծովիկ
Հ.Գ Հոպար ջան, տատիս ո՞նց է, շատ եմ կարոտել իրեն: Խնդրում եմ իրեն փոխանցես, որ ես ամեն օր իրեն հիշում եմ ու անսահման սիրում…