Կարող եմ հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի նկատմամբ. վարչապետ

Ասում են`Ձեր իշխանությունն արևմտամետ է, արդյոք այս քաղաքականությունը չի հակասում: Նման մտահոգություն գոյություն ունի, որ այդ արևմտամետությունը կազդի Իրանի հետ հարաբերությունների վրա:

Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ:

Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար»,–պատասխանեց ՀՀ վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ