Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ, ԻԻՀ կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար. վարչապետ

Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում:

Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»։

Հայաստանը, ըստ վարչապետի, շահագրգռված է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան։

«Ես ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի լսարանին էլ հասկանալի լինի իմ ասածը, ավելի բարդ բովանդակությունների մեջ չեմ մտնում։ Մենք ուզում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Ե՞րբ դա տեղի կունենա, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն և անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, որն իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված, ես այս օրինակը բերեցի՝ ցույց տալու համար, թե ինչպիսի՞ն է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ։

Բայց մյուս կողմից, ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։

Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։

Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ