ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի և պահանջում է հերքել 28.01.2025 թվականին հրապարակված նյութում արված «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ» վերտառությամբ հոդվածում արված ««…ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ…», և «Ժողովուրդ» օրաթերթին Բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը չլուսաբանվող է եղել, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և Բալթյան երկրների համար լավ լինի: Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը հակասական արձագանքներ են առաջացրել արտաքին քաղաքական շրջանակում, և անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչները տարակուսել են, որ ՀՀ ԱԺ նախագահը իր խոսույթով ավելի հակառուս է, քան նույնիսկ իրենք, որ ողջ քաղաքականությունը կառուցել են այդ սկզբունքների վրա» արտահայտությունները:
Հայցվորը նաև ՍՊԸ-ից պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում՝ բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։ «Միջնորդում եմ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա: Դատական ծախսերին անդրադառնալիս անդրադառնալ Հայցվորի կողմից նախապես վճարված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարին»,- նշված է հայցադիմումի հաջորդող պահանջներում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է հայց ներկայացնել ընդդեմ «Ժողովուրդ»-ի։ ««Ժողովուրդ»-ը օրերս մի հրապարակում էր արել, իբր ես Բալթյան-Սկանդինավյան երկրների խորհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
Ի դեպ, ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:
Մի բան է՝ երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան՝ երբ շահարկվում են միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:
Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային է, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են»,- մասնավորապես նշել էր ԱԺ նախագահը։
Թերթը, ինչպես երևում է, հրաժարվել է հերքում տպագրել, ինչի հետևանքով էլ ԱԺ նախագահը դիմել է դատարան։ Գեղարքունիքի մարզի դատարանը հայցադիմումն ստացել է փետրվարի 28-ին, այն մակագրվել է դատավոր Լիանա Ներսիսյանին։