Չմիավորվելու դեպքում կլինի Ուկրաինայի կորուստ և Եվրոպայում պատերազմ, հարցը կարող է լուծվել մեկ զանգով. Բլեյան

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը՝ որպես հայտնի բանակցող, քաղաքականությունն ու բիզնեսը խառնել է, և Ուկրաինայի հանդեպ վերջին շրջանում ցուցաբերվող վերաբերմունքն էլ ապացույցն է դրան․ Թրամփը բիզնեսի իր հատկությունները օգտագործում է քաղաքականության մեջ։

Սպիտակ տանը տեղի ունեցած հայտնի վիճաբանությունից հետո այժմ էլ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը սառեցնելով՝ ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա և պատերազմը հանգուցալուծել ի հաշիվ ագրեսորի՝ Ռուսաստանի, մինչդեռ, ըստ Բլեյանի, Նահանգների կողմից այս ճնշումներին ու վերաբերմունքին պետք է արժանանար Ռուսաստանը։

«Թրամփը փորձեց երկու բան անել․ Զելենսկուն անվանել բռանպետ, ոչ լեգիտիմ նախագահ, թուլացնել Ուկրաինայի դիրքորոշումը, հետո անհաջողությունը բարդել Զելենսկու գրպանը ու ասել՝ մենք ամեն ինչ փորձեցինք, հիմա դուք տեսեք, թե ինչ եք անում։ Սակայն մինչ օրս այս վերջին տարբերակը չի հաջողվում, որովհետև Եվրոպան պատրաստ է համատեղ ջանքերով բանակցել Ուկրաինայի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Հենց Եվրոպայի այդ ջանքերի շնորհիվ էլ Նահանգների որդեգրած քաղաքականությունն ու մեղադրանքները, թե Զելենսկին նվիրվածություն չի ցուցաբերում խաղաղության հասնելու համար, նրա խոսքով, այդքան էլ բացասական չեն անդրադառնա Ուկրաինայի վրա։ Միաժամանակ դեռևս հայտնի չէ նաև, թե Թրամփի որոշումը կոնկրետ որքան է գործելու և քանի միավորի համար է սահմանված:

«Չկա չարիք, առանց բարիք․ Եվրոպան վճռական է տրամադրված և համախմբվում է Ուկրաինայի շուրջ։ Այնպես չէր, որ սպառազինության արգելքը անակնկալ էր եվրոպացիների համար, իրենք ունեին այդ վատ սցենարը, որ Թրամփը կարող է գնալ նմանատիպ քայլի։ Ուկրաինան մինչև ամառ իր պաշարներով հանդերձ պատրաստ է դիմակայել։ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան գնում են ամբողջությամբ ռազմաարդյունաբերության, Ուկրաինան ևս անցում է կատարում ռազմական արդյունաբերության, ուստի այդ ջանքերը պետք է միավորել ու դիմակայել։ Այլընտրանք չկա, այսինքն՝ այլընտրանքն արդեն կլինի Ուկրաինայի կորուստն ու Եվրոպայում նոր պատերազմի սկսումը»,- կարծում է նա:

Ինչ էլ ասվի ու խոսվի, ամեն դեպքում Ուկրաինային որևէ մեկը չի դիտարկում ագրեսոր, նկատում է Բլեյանը։ Զելենսկին կարողանում է դիմադրել ու փրկել իր պետությունը ահռելի արհավիրքից։ Իսկ թե որքա՞ն կտևի ԱՄՆ-ի նման վարքագիծը Ուկրաինայի դեմ, զրուցակիցն ասում է. «Չեմ կարծում, որ երկար տևի, որովհետև եվրոպական առաջարկներով էլ Զելենսկին ստանում է խորհուրդներ՝ հաշտվելու Թրամփի հետ։ Տեսնում ենք Զելենսկիի թվիթերյան գրառումները, որ պատրաստ է հարթեցնել իր հարաբերությունները Թրամփի հետ, կառուցողական է, կգնա կտրուկ քայլերի, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները։ Չէի ասի նաև, որ ամեն ինչ ավարտված է Ամերիկայի մասով։ Այսօր էլ Թրամփը ուղերձով է հանդես գալու իր համաքաղաքացիների առջև, կարևոր բան ունի ասելու։ Դրանից առաջ էլ ասում էր՝ Թրամփի օրոք ՌԴ-ն տարածքներ չի գրավել»։

Ըստ Բլեյանի՝ ներկայիս իրավիճակը կարող է հարթվել մեկ հեռախոսազանգով․ Զելենսկին զանգահարում է Թրամփին, դիվանագիտորեն մեկ այլ փաթեթավորմամբ մատուցում է ներողություն բառը, որը ԱՄՆ նախագահը վստահաբար կընդունի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ կկարգավորվի, ասում է նա։

Ուկրաինայի նախագահը գործ ունի իր պետության հետ, իսկ Եվրոպան ու Նահանգները պետք է նույն ուղղության վրա լինեն․ «Մի կողմից գործ ունենք Զելենսկու հետ, որը չի ուզում հրադադարի միջոցով Ռուսաստանին հավելյալ զինվելու ժամանակ տալ, մյուս կողմից Պուտինը չի ցանկանում կանգնել այնտեղ, որտեղ այս պահին զորքերը գտնվում են, որովհետև պատերազմը տարածքի կռիվ չէ, այլ Ուկրաինային ամբողջությամբ ենթարկեցնելու մասին է, որին կհաջորդեն Մոլդովան ու հետխորհրդային երկրները։ Խաղաղությունը ուկրաինացի ժողովրդից ավելի շատ ոչ ոք չի ուզում, քանի որ նրանք հոգնել են պատերազմից, սակայն ուզում են այդ խաղաղությունը երկարատև լինի, ոչ թե երբ, օրինակ, չլինի Թրամփը, ՌԴ-ն նորից հարձակվի»։

Այս ամենից զատ արդեն Նահանգների երրորդ փորձը, «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղարի դիտարկմամբ, լինելու է Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելը։ Ամերիկան կարող է կտրուկ փոփոխվել դեպի հօգուտ Ուկրաինայի և ի վնաս Ռուսաստանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ