«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ:
Ինչպես հայտնում են ԲԿ-ից, այլ խնդրով հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի մոտ գլխուղեղի գոյացությունը պատահաբար է հայտնաբերվել: Մայրը պատմում է՝ ընկել էր տղան, գլխուղեղի ցնցման կասկածով դիմել են հիվանդանոց, հետազոտվել է ու պարզվել, որ տղայի մոտ առկա է գլխուղեղի մեծածավալ ուռուցք:
Ծնողները մինչ երեխայի ընկնելը նկատել են թուլություն, քայլվածքի շեղում և մտածել, որ վիրուսից լավ չապաքինվելու հետևանք է: Մինչդեռ երեխայի հավասարակշռությունը կորցնելու պատճառը եզակի բարդ տեղակայմամբ ու մեծ չափերով ուռուցքն է եղել:
«Մանկական տարիքում նման գոյացությունները ավելի հազվադեպ են հանդիպում, հատկապես այս ծավալի և այսպիսի մեծ չափերով: Մոտավորապես 6-7 սմ չափերով, բավական մեծ գոյացություն էր: Քանի որ հաճախ ենք քննարկում օնկոլոգների հետ նման դեպքերը, սա Հայաստանում հանդիպած երևի թե եզակի այսպիսի տեղակայման և մեծ գոյացություն էր, որը հայտնաբերվել էր և անհրաժեշտ էր անհապաղ հեռացնել, քանի որ հակառակ դեպքում ախտանիշները կարող էին պրոգրեսիվել, ինչը կարող էր ընդհուպ անբարենպաստ ելքի հանգեցնել»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
Այս մեթոդը մանկական տարիքում աշխարհում սկսվել է կիրառվել եվրոպական երկրներում, և այսօր այն հասանելի է նաև Հայաստանում։
«Սուրբ Աստվածամայր»-ը Հայաստանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ արդեն մի քանի անգամ կիրառվել է մանկական տարիքում գլխուղեղի ուռուցքների հեռացման ֆլուորեսցենտային եղանակը: Այս դեպքում՝ ևս:
«Այս գոյացությունն այն տեսակի էր, որը մեզ հնարավորություն տվեց հատուկ միկրոսկոպիկ՝ ֆլուորեսցենտային եղանակով ներկման միջոցով վիրահատության ժամանակ ավելի ակցենտավորել կամ ներկել գոյացությունը, քանի որ այսօր մեր բժշկական կենտրոնը հագեցած է այնպիսի մանրադիտակով, որը հնարավորություն է տալիս այդ եղանակը կիրառել, հատկապես եթե դրանք գլիալ գոյացություններ են»,- ասում է Սամվել Սարգսյանը:
«Հետին գանգափոսի գոյացություն, որը տարածվում էր ավելի վեր՝ դեպի փորոքային համակարգ՝ սեղմելով այն, լայնացնելով փորոքները և սեղմելով կենսական կարևոր կենտրոններին», — մանրամասնում է բժիշկը: Տվյալ դեպքում խորը սերտաճած ուռուցքի հեռացումն այդ եղանակով անհրաժեշտություն է եղել:
Հետվիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտությամբ հաստատվել է գոյացության ամբողջական հեռացումը և լիկվորի շրջանառության վերականգնումը։
«Ի դեպ, քանի որ համագործակցում ենք Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ՝ այս դեպքի քննարկման ժամանակ մեր գործընկերները որոշ մտահոգություններ ունեին գոյացության հնարավոր ամբողջական հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի հետագա խնդիրների վերաբերյալ։ Գոյացության հեռացումից հետո Իսրայելից և ԱՄՆ-ից ստացանք պատասխան․ հաճելի զարմացած էին լիարժեք հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի վերականգնման արդյունքներով, որը թույլ տվեց խուսափել նաև հետագա շունտավորումից»,- ասում է բժիշկը։
Երեխան արդեն հաղթահարել է հետվիրահատական ամենաբարդ փուլը, վերականգնողական շրջանն ու հետագա բուժումն անցկացնելու է մասնագետների հսկողության ներքո:
«Օր-օրի մենք փոփոխությունը զգում ենք, մի քանի օր սպասում էինք՝ երբ է աչքերը բացելու, երբ է շարժվելու: Հիշում եմ՝ ոնց ռեանիմացիայում ինքը իմ մատը բռնեց վիրահատությունից մի քանի օր հետո և ես ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, ես վստահում եմ մեր բժիշկներին»,- ասում է երեխայի մայրը: