Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։
«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,-ասաց Զարեհ Սինանյանը։