ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։
Ակտիվորեն իրականացվող նախագծի համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 մասնագետների։
Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։ Հատկանշական է, որ բիտումի արտադրության ծավալների ամբողջական իրացումը հնարավորություն կտա ապահովել այդ արտադրանքի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային պահանջարկը։
«Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին։
«Մեր քաղաքականության ամենակարևոր հարցերից մեկը տնտեսապես ավելի շատ բարդ արտադրանք ստանալն է, այսինքն՝ պարզ հումքային արտադրությունից անցում կատարել դեպի վերջնական ապրանքների արտադրություն։ Այս համատեքստում գործարանը ևս այս քաղաքականության կրողն է, որովհետև կիսաֆաբրիկատները, ըստ էության, վերջնական արտադրանքի են վերածվելու, ինչը շատ կարևոր է», ֊ ամփոփելով շրջայցի արդյունքները, նշել է Գևորգ Պապոյանը։