«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տուգանային 9 միավորի փոխարեն 13 միավոր սահմանելու մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացնելիս թվարկեց նաև այն 7 իրավախախտումները, որոնց դեպքում բալերի բարձրացումներ են արվել, որպեսզի համարժեքությունը պահպանվի 13 բալի:
Իրավախախտումներից մեկը վերաբերում է ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտմանը: Եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:
Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր:
Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր:
Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր:
Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր:
Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր:
Վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր:
«Սրանք են այն 7 իրավախախտումները, որոնց դեպքում նախագծով բալերի ավելացում է դիտարկվել:
Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել, անգամ երկրորդ շարքում կանգնելու դեպքում վարորդների հետ հանդիպումից և քննարկումից հետո 0,5 բալը մենք փոխարինեցինք 0,25 բալով, և անգամ այս մասով որևէ փոփոխություն չենք արել»,- ասաց պատգամավորը:
Նախատեսվում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: