Գյուղացի Համբոի տունը կռիվ է ընկել։ Արդեն մի քանի օր է ինչ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների համախոհների միջև հեռակա «մենամարտեր» են տեղի ունենում։ Իրավիճակը հատկապես ավելի լարվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո։ Այդ օրը ակնհայտ էր, որ որոշ լրատվամիջոցներ, հիմնականում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թևին հարող մեդիաների ներկայացուցիչները, հարցախեղդ էին անում Քոչարյանին, որպեսզի վերջինը պատասխանի հարցին՝ ի վերջո կա հակասություն իր և Սերժ Սարգսյանի միջև։ Քոչարյանը բավական դիվանագիտորեն խուսափեց այդ հարցերին ուղիղ պատասխանելուց և ահա դրանից հետո գործի դրվեցին նախագահների «ֆան ակումբենրի» ծանր հրետանիները։
Սարգսյանի և Քոչարյանի հավատարիմներն արդեն մի քանի օր շարունակ ամենավերջին բառերն ու մեղադրանքներն են հնչեցնում միմյանց հասցեին և օր ու արև չեն տալիս իրար։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջրերը մի առվով չեն հոսում դեռ շուտվանից։ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը լքելուց հետո, 2008 թվականից սկսած, հանգիստ չի տվել Սերժ Սարգսյանին, իսկ վերջինն էլ իր պաշտոնավարման տարիներին ամեն գնով փորձում էր նվազեցել Քոչարյանի դերակատարությունը քաղաքական դաշտի վրա։ Գուցե Սերժ Սարգսյանը չի ներում Քոչարյանին, իր պաշտոնամուտին արյունալի նվեր մատուցելու համար։ Հիշենք՝ 2008 թվականի մարտի մեկին երբ Քոչարյանն արդեն պետք է հեռանար, ինչպիսի ողբերգական «նվեր» մատուցեց նախագահի աթոռին շտապող Սերժ Սարգսյանին։
Ճիշտ է, դրանից հետո նախագահների առճակատումը բացահայտ բնույթ չէր կրում, սակայան ժամանակ առ ժամանակ նրանք իրենց ձեռքի տակ եղած գործիքներով ճնշում էին միմյանց հետևորդներին կամ նրանց հարող քաղաքական ուժերին։
Առաջին հայացքից թվում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գործում այսօրվա իշխանությունների դեմ պայքարում, սակայն իրականում ակնհայտ է, որ այս երկու անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը չանցնի մյուսի ձեռքը։ Ի դեպ, այս մասին դեռևս ամիսներ առաջ բացահայտ հայտարարել էր այսպես կոչված «սրբազան շարժման» առաջնորդներից մեկը, որը խոսելով Քոչարյանի և Սարգսյանի ճամբարների միջև տարաձայունթյունների մասին նշել էր՝ որ Քոչարյանի թիմում ասում են, որ ավելի լավ է Փաշինյանը մնա իշխանության, քան թե Սարգսյանը գա իշխանության, հակառակ խոսույթն էլ առկա է Սերժ Սարգսյանի ճամբարում։
Որքան մոտենում է 2026 թվականի համապետական ընտրությունը՝ այդքան ավելի են սրվելու և ակնհայտ դառնալու նախկին նախագահների համախոհների գզվռտոցը։ Ի դեպ, սա նոր երևույթ չէ Հայաստանի քաղաքական դաշտում։ Հանրությունը երկու նախագահների հեռակա և ստվերային նախընտրական գզվռտոցների ականատեսը եղել է նաև նրանց պաշտոնավարման տարիներին։ Ուղղակի այն ժամանակ նրանց պայքարը իշխանության համար էր, իսկ այսօր ընդդիմության դաշտի «առաջին ջութակի» դերը ստանձնելու համար։ Բայց ինչպես ասում են՝ հանրությունը վաղուց արդեն հասկացել է իրականում ով-ով է և այսօր քաղաքացիներին մնում է ընդամենը նստել բազմոցին, վերցնել «փոփքորն» ու հետևել թե ինչպես են ժամանակին երկիրը քայքայած նախագահները այսօր քայքայում միմյանց ուժերը։ Այս դեպքում թերևս տեղին է նաև միմյանց ամենավերջին բառերով բնութագրող երկու նախագահների համախոհներին ասել՝ երկուսդ էլ ճիշտ եք պարոնա՛յք, մի՛ կռվեք։