Ադրբեջանն այդ «լծակ»-ն օգտագործել է և շարունակելու է օգտագործել՝ քաղաքական առևտուր անելու համար. Սիմոնյանը՝ գերիների հարցի մասին

«Մենք շահագրգիռ ենք, թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ որևիցե մի ռազմագերի, մի մարդ, որը հիմա Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք զբաղվում այդ հարցով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը շեշտեց, որ նրանք մեր հայրենակիցներն են և իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել են և արվելու են. «Հիմա այդ դատավարության աղմուկը բարձր է և բոլորը շուտափույթ որոշումներ և լուծումներ են ուզում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարություն իրականացնում և ինչու է դա արվում, կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվի: Ոնց եք պատկերացնում հիմա մենք բանակցություն վարենք, դատարանի նիստերի դահլիճից իրենց բաց թողնեն, այո, անում ենք դա, բայց չեմ հավատում, որ իրենք այդ ամենը կազմակերպել են, որ այդպես կիսատ թողնեն»:

Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ Սիմոնյանն ասաց. «Իրենք այսքան ժամանակ ինչ են արել, բացի քննադատելուց և բացի հարևան երկրի ԶԼՄ-ներին և հատուկ ծառայություններին առիթ տալուց, որպեսզի նրանք ՀՀ-ում հիբրիդային բաներ հրահրեն: Ով ասաց, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման կետ լիներ, իսկ ով ասաց, որ օրինակ, եթե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն, ինքն այդ կետը չի արել, հիմա մենք պետք է գանք ևս մի փաստաթղթի մեջ դնենք և ինքն այդ կետն անի: Ադրբեջանն այդ «լծակ»-ն օգտագործել է և շարունակելու է օգտագործել՝ քաղաքական առևտուր անելու համար, ինչն արվեց COP29-ի ժամանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ