Ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները. Հայկ Սարգսյան

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

Խորհրդարանը քննարկում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 միլիոն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2010-2023 թթ. գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ, և 2023-ին ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար, իսկ հավաքվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը:

«Երբ նայում ենք հարկերի տեսակարար կշիռը ծավալում, տեսնում ենք, որ 2010-ին տեսակարար կշիռը հարկերի 7,2 տոկոսն էր, մինչդեռ 2023-ին տեսակարար կշիռն իջել է և հասել 0,4 տոկոսի: Վերջին 5 տարում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք առաջին հայացքից՝ գալիս էին սահմանափակելու և կրճատելու ծավալները, սակայն դրանք, ինչպես ցույց տվեցին, այդքան էլ նպատակին չծառայեցին»,- ասաց պատգամավորը:

2019-ին, ըստ Սարգսյանի, խաղացողները տեղափոխվեցին առցանց՝ օնլայն հարթակ, որտեղ սկսեցին հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ վատնել՝ ի տարբերություն գրասենյակային գործունեություն ծավալող բուքմեյքերական գրասենյակների, իսկ բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող ընկերությունները կրճատեցին իրենց ծախսերը՝ գրասենյակներ պահելու, աշխատավարձեր վճարելու և դրանցից առաջացող հարկեր վճարելու մասով:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2019-ին օրենքով արգելվեց բուքմեյքերական գործունեության գովազդը: Այդ քայլով նույնպես կրճատվեցին բուքմեյքերական ընկերությունների միլիոնավոր դոլարների ծախսերը հարկերի և պետական, տեղական տուրքերի մասով:

Սարգսյանը նկատեց՝ բացի ծախսերը կրճատելուց՝ այս քայլով Հայաստանում գործող ընկերությունները ստացան շուկան իրենց ձեռքում պահելու բացարձակ մենաշնորհ: Վերջին 5 տարում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել:

«Նախագծով առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա: Վերլուծելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված է 10 տոկոս և ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում՝ 10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 2-25 տոկոս և այլն»,- տեղեկացրեց Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին այս նախագծին՝ համարելով, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացումը, եղել են բազմաթիվ քննարկումներ թեմայի վերաբերյալ:

«Հուրախություն ինձ՝ պետք է նշել, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո: Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ, և սույն ընկերություններն արդեն ապրիլի 1-ից կվճարեն երկու անգամ ավելի շատ տուրքեր, այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»,- ասաց պատգամավորը:

Նախագծով սահմանափակումներ չեն նախատեսվում ոլորտի համար:

«Միայն ֆինանսական բեռն ենք բարձրացնում այս քայլով: Առաջիկայում քննարկումներ ենք իրականացնելու, որպեսզի նաև սահմանափակումներ ու արգելքներ մտցնենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել»,- հավելեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ