Քաղաքացիները միլիոններ են վատնում մոլախաղերում, կործանում իրենց ընտանիքները, ամուսնալուծվում․ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, կոչ արեց քաղաքացիներին չխաղալ ու դուրս գալ վիրտուալ մոլախաղերից։

«Դա տանում է կործանման։ Որևէ մեկը չի կարող գումար վաստակել՝ ինտերնետ շահումով խաղերում գումար վատնելով, դա բացառված է»,- հայտարարեց նա։

Սարգսյանի խոսքով՝ ուսումնասիրելով ոլորտը, պարզ է դարձել, որ բազմաթիվ քաղաքացիներ միլիոնավոր դրամներ ու դոլարներ վատնում են մոլախաղերում, հասնում սննկացման, կորցնում գույքը, բնակարանը, հախաճ՝ իրենց կյանքը, կուտակում են մեծ ֆինանսական պարտքեր․ «Կործանում են իրենց ընտանիքները, հաճախ ամուսնալուծվում են։ Մենք պետք է կոչ անենք չտրվել վիրտուալ մոլախաղերին ու իրենց կյանքը չվատնել այստեղ»։

Հիշեցնենք՝ Սարգսյանի առաջարկած նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը:

Հիմնավորվում է, որ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին հասել է 6.5 տրիլիոնի՝ վերջին տասը տարում աճելով ավելի քան 440 անգամ: Մինչդեռ, շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ