Գյումրիի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել պատրաստվող թեկնածուների «մենյուն», ինչպես երևում է, բազմազան է, մասնավորապես ընդդիմությունը հանդես է գալիս թեկնածուների լայն «ասորտիմենտով»՝ «փորձված», «փորձված ու կտրված թան»-ից մինչև «անփորձ» ու «կասկածելի սպիտակության մածուն», ընդհուպ՝ «թանաբրդոշ»… Թեկնածուներից է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «հայրաքաղաքի» ղեկավարի պաշտոնում 2008-ին ուժերը փորձած, բայց մեկ այլ թեկնածուի՝ ՀՀԿ-ի «խորացված ու համապարփակ» աջակցությունը վայելող, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պարտված Մարտուն Գրիգորյանը։ Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ գործող խմբակցության անդամը, փաստորեն, որոշել է ուժերը 17 տարի անց նորից փորձել՝ պայքարի մեջ մտնելով մի կողմից՝ իր երբեմնի ախոյանի, մյուս կողմից՝ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի հետ։ Բավականին դրամատիկ քաղաքական դիմանկար ունի պատգամավորի բարձր մանդատը քաղաքապետի պաշտոնի հետ փոխել ցանկացող Գրիգորյանը։ Փաստորեն, ընդդիմադիր մեկ այլ՝ «Հայաստան» խմբակցության նախկին՝ քոչարյանական պատգամավոր Անդրանիկ Թևանյանի «փառքը» հանգիստ չի տալիս «սերժական» պատգամավորին, և նա էլ որոշել է ռիսկի դիմել՝ նրա պես հայտարարելով, թե Գյումրիից է սկսվելու ՀՀ-ում ամբողջական իշխանափոխությունը։ (Թևանյանը, հիշեցնենք, նույն կապակցությունը գործածում էր Գյումրիի փոխարեն գործածելով Երևան բառը։ Արդյունքում իշխանափոխությունը ոտքին գցեց)։
Նա, հիշեցնենք, խորհրդարան ոտք է դրել 2007-ին (թիվ 34 ընտրատարածք), 07.04.2009-06.03.2015 թթ. եղել է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2009-2012թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Գրիգորյանը, հիշեցնենք, Ծառուկյանին լքեց, ԲՀԿ-ից էլ «թռավ» 10 տարի առաջ հենց այս օրերին, երբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության համաառաջնորդությունը ստանձնած ԲՀԿ ղեկավարն ապրում էր իր քաղաքական կարիերայի և կյանքի ամենադժնդակ, եթե կուզեք՝ խայտառակ օրերը։ Երբ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, խախտելով քաղաքական կոռեկտության բոլոր «կարմիր գծերը», «պուբլիչնի» ստորացնում էին «Դոդի Գագո»-ին (Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ կոչեց Ծառուկյանին)՝ ստիպելով նրան դուրս գալ քաղաքականությունից ու իր հետևից փակել դուռը։ Գրիգորյանը, ի թիվս այլ ԲՀԿ-ականների, չդիմացավ «դոզային» ու հրաժեշտի սրտաճմլիկ հայտարարություն տարածեց՝ չնայած ծլկում է ԲՀԿ-ից, բայց պահպանում է «ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ»։ «Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ.-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը և Գյումրին»,- հայտարարության մեջ գրել էր Գրիգորյանը, որը, սակայն, շուտով՝ երկու տարի անց, չլինելով «կուսակցական հոգեբանության և մտածողության կրող» մարդ, կանգնեց Սերժ Սարգսյան «անձի» կողքին՝ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց Շիրակի մարզում ու պարտվեց ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանին։ Ի դեպ, սա այն շրջանն էր, երբ Գագիկ Ծառուկյանը «բարիշել» էր Սերժ Սրագսյանի հետ՝ բացել էր քաղաքականության «փակված էջն» ու մասնակցում էր 2017-ի ԱԺ ընտրություններին։ Գրիգորյանն ընտրություններում պարտություն կրելուց հետո, ինչպես օրվա մամուլն էր գրում, հայտնվել էր խորը ընկճախտի մեջ և ընդհուպ որոշել էր արտագաղթել ընտանյոք՝ մեկնելով Ֆրանսիա։ Սակայն, ըստ նույն օրերի մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը որոշել էր շահել Գրիգորյանի սիրտն ու նրան խոստացել՝ մեկ տարի անց Ցոլակյանին կնշանակի որևէ այլ աշխատանքի՝ նախարար, Մարտունի ճանապարհը կբացվի, ու նա կդառնա պատգամավոր։ Մեկ տարի անց այդպես էլ եղավ՝ Ցոլակյանը արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց, սակայն ոչ թե Սերժ Սարգսյանի կողմից, այլ ՝ հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի։ ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը, սակայն, վերցնելով մանդատը լքեց ՀՀԿ խմբակցությունը։ Նա ավելի վաղ միացել էր ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած ու նույն այդ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր հայտարարեցին, որ աջակցում են 2018 թ. դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: ՀՀԿ 2018 թ. նախընտրական ցուցակում, սակայն, Գրիգորյանի անունը չկար (Սերժ Սարգսյանը երևի թե «քեն էր քշում»), իսկ այ 2021-ին Ծառուկյանի նախկին կուսակիցը հանգրվանեց դարձյալ ոչ ԲՀԿ-ի, այլ՝ «Պատիվ ունեմ»-ի ցուցակի առաջին 10-յակում՝ 8-րդ տեղում։ Սերժ Սարգսյանի այս «խոդը» թելադրված էր, անշուշտ, ոչ թե Մարտուն Գրիգորյան գործչի սկզբունքային ու օրինակելի կերպարը գնահատելու ու նրան տեղ տալու մտադրությունից, այլ պրագմատիկ հաշվարկի արդյունք էր՝ Գրիգորյանը Գյումրիում մասնավորապես 2017-ի ԱԺ ընտրություններում լավ արդյունք էր ապահովել (10 հազար 700 քվե), ուստի, քանի որ «առնետ» որակված Ֆելիքս Ցոլակյանն այլևս խաղից դուրս էր (նա 2020-ի պատերազմի ավարտից մի քանի օր անց լքեց «նավը»՝ հրաժարական տվեց նախարարի պաշտոնից), ուստի պետք էր օգտվել նրա մրցակից Գրիգորյանի ծառայություններից ու ձայներ ապահովել ՀՀԿ-Վանեցյան դաշինքի համար։ 2021-ի ընտրություններից հետո էլ Գրիգորյանի բախտն առաջին անգամից չբերեց՝ նա չանցավ խորհրդարան։ «Ֆորտունան», սակայն, նրան ժպտաց մեկ տարի անց, երբ ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Դիմադրության շարժում» կոչված փողոցային ակցիաների խայտառակ ֆիասկոյից հետո վայր դրեց մանդատը։ Գրիգորյանը, փաստորեն, այս անգամ էլ պատգամավոր դարձավ հանգամանքների բերումով՝ վերցնելով իր «փայ» մանդատը։ Ինչն է ուշագրավ՝ Գրիգորյանն այսօր էլ, լինելով Սերժ Սարգսյանի փաստացի ղեկավարման տակ գործող խմբակցության անդամ, զբաղված է պարզ ուրացմամբ, ցույց է տալիս, ներողություն բառի համար, թե «պրիզնատ» չի գալիս ՀՀԿ-ին և դրա ղեկավարին, և որ ինքը պատգամավոր է դարձել Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայուվ։ Այս հնարքի իմաստն, անշուշտ, 2018-ին մերժված ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ նույնացվելու վախն է՝ հաշվի առնելով այն ցածր հանրային վարկանիշը, որն ունեն նախկին իշխող ուժն ու ու դրա ղեկավարը։ Գրիգորյանը չի ուզում զոհաբերել քաղաքապետ դառնալու տարիներ շարունակ փայփայած ու չիրագործված ամբիցիաները՝ խոստովանելով իր քաղաքական պատկանելությունը։ Կա նաև մեկ այլ հանգամանք՝ Սերժ Սարգսյանի ցուցումով է Գրիգորյանը Պետրոս առաքյալի դերը խաղում՝ մինչև «աքլորականչ» ուրանում «տիրոջը»՝ խաբեությամբ ընտրողի քվեն կորզելու, ընտրություններից հետո էլ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի Операция «Ы»-ն իրագործելու համար։
Օրերս տված իր հարցազրույցում, նկատենք, երբ ՊՈՒ-ական պատգամավորին լրագրողը հարցրեց՝ ճի՞շտ են իշխանության տարբեր ներկայացուցիչների պնդումները, որ ձեր թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը, Գրիգորյանը խորը շունչ քաշելով, պողոսառաքյալավարի «ուրացավ» իր պատրոնին. «Այդպես չէ։ Ու էս պահին էլ կարող եմ հստակ ասել՝ մեր հաշվով Սերժ Սարգսյանը նույնիսկ դեմ է էս ընտրություններին մասնակցելուն, քանի որ ընդհանրապես Սերժ Սարգսյանը, բոլորդ էլ գիտեք, ընտրություններին մասնակցությանը միշտ արտահայտվել է դեմ, այդ թվում նաև Գյումրու էս ընտրություններին։ Իսկ թե էս պահի դրությամբ ով է խոսում Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից, իմ կարծիքով՝ էս մարդիկ լրիվ իրականությունից կտրված են։ Ես բացարձակապես ՀՀԿ-ի մեջ չեմ եղել, ես անկուսակցական եմ, առաջադրվել եմ ԱԺ-ի ընտրություններում, իմ թեկնածությունը առաջադրել է «Հայրենիք» կուսակցությունը, որը դաշինք է կազմել ՀՀԿ-ի հետ։ Ես երբևիցե չեմ էլ խուսափել, որ էս պահի դրությամբ իրենք ուզում են ցույց տան, աղաղակեն, թե ՝ տեսեք-տեսեք… իմ անցած ճանապարհի հետ կապված գոնե ես ամաչելու բան չունեմ, որովհետև երբևիցե էդ ջայլամի քաղաքականությունը իմը չի եղել»։ Փաստորեն, Գրիգորյանը միամտաբար կարծում է, որ ինքը Վանեցյանի կողմից դաշինք է մտցվել առանց Սերժ Սարգսյանի հավանությա՞ն։ Կատարյալ մոլորություն։ Նկատենք, որ «մոլորյալ» Գրիգորյանը նաև պրիմիտիվ կեղծիքի է դիմում՝ նշելով, թե իբր Սերժ Սարգսյանը միշտ էլ դեմ է եղել ընտրություններին։ Պատգամավորին լուսավորենք՝ 2021-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցել է (փաստորեն, ի հեճուկս Սերժ Սարգսյանի) և ստացել 1343 քվե կամ ձայների 5.09 տոկոսը։ Շիրակի մեկ այլ համայնքում՝ Ամասիայում նույնպես 2021-ի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցել ու 717 քվե է ստացել, ավելին՝ կոալիցիա է կազմել «Արփի Ամասիա» դաշինքի հետ։ Թեև այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր ամենաշատ ձայները՝ 1 217 քվե, սակայն Սերժ Սարգսյանի օրոք աճած, բարգավաճած «Աշոցք ճանշին»-ի ղեկավար Մարսել Կարապետյանի տիկինը՝ համայնքը ղեկավարող Ջեմմա Հարությունյանը, կոալիցիա կազմեց իր տեղակալի՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Արթուր Մկրտումյանի հետ։ Այնպես որ, եթե Մարտուն Գրիգորյանը գյումրեցիների նկատմամբ գեթ մեկ գրամ հարգանք ունի, գեթ մեկ տոկոս անկեղծ է որպես գյումրեցի, պետք է ընտրություններին մասնակցի իրեն խաղի մեջ մտցրած սուբյեկտի՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ցուցակով՝ առանց ուրացման անտաղանդ տեսարաններ խաղալու։ (Թեև խոսակցություններ են ընթանում, որ Գրիգորյանին առաջադրելու է Սերժ Սարգսյանի «պարտնյոր» Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ սակայն ինչ տարբերություն)։
Իսկ նախքան այդ՝ նկատենք. երրորդ նախագահի հաշվարկն այսպիսին է՝ ընտրությունների գնալ այլընտրանքային թեկնածուներով՝ մի քանի դեմքով, որոնցից ամեն մեկը կարող է ընտրական օրենսդրությամբ սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում անցնել ավագանու կազմ և կոալիցիա կազմել՝ վերցնելով իշխանությունը Գյումրիում։ Այնպես որ, Գրիգորյանը նախկին իշխանության կողմից պլանավորված նախընտրական «կոնգլոմերատ»-ում ունենալու է իր խիստ որոշակի առաքելությունը և ըստ դրա կատարման արդյունավետության էլ հետագայում «վարձատրվելու» է։ Այն է՝ ընդդիմադիր թեկնածուներից ով ամենաշատ ձայնը հավաքեց, նա էլ դառնալու է Գյումրիի քաղաքապետ։ Իզուր չէ, որ Գրիգորյանը «Գյումրիում էսօրվա կտրվածքով» իր վիճակը գնահատել է «բավականին լավ»։
Հ. Մանուկյան