Գնացեք ձեր տատերից ուզեք, նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք չկա, ՀՀ սուվերեն տարածք է. Սուքիասյան. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս գերատեսչության կարկառուն ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, սիրում և աչքի է ընկնում այս կամ այն երկրի պաշտոնյային և/կամ լրատվամիջոցին մեկնաբանել, պարզաբանել, այսպես ասած՝ «ճիշտ» ճանապարհ ցույց տալ և մատնանշել սխալները:

Այս անգամ Ռուսաստանի արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունը մեկնաբանել է հնդկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար:

Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ այդ մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերում:

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հրապարակումներին, նկատում է՝ նախ պետք է ճշտել, թե ինչ լրատվամիջոցներ են գրում այդ լուրերը, ովքեր են տարածում դրանք, ընդ որում՝ հղում անում Ուկրաինայի հետախուզական ծառայություններին:

Սուքիասյանի համոզմամբ՝ լուրի հիմքը, ըստ էության, կասկածելի է, իսկ այն, թե ինչու է Ռուսաստանն անընդհատ տաք պահում միջանցքի թեման, մի քանի պատճառ կա: Նախ, ըստ զրուցակցի, ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականության արդյունքում Ռուսաստանի կենդանության նշանների հնարավորություն է ստեղծվել, բայց, նրա խոսքով, ինչ էլ որ ստեղծվի, այն լինելու է «ատամները քաշած» պետություն:

Կրկին անդրադառնալով հնդկական մամուլում տեղ գտած լուրերին, և այն պնդմանը, թե Թուրքիան և Ադրբեջանը կարող են ուժով ստանալ միջանցքը՝ Սուքիասյանն ասում է՝ միջանցքի գլխավոր շահառուները Ռուսաստանն ու Ադրբեջանն են: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան էլ դեմ չէ միջանցքային տրամաբանությանը, սակայն դեմ է դրա վերաբերյալ Ադրբեջան-Ռուսաստան պատկերացումներին և գործարքին:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարումը պահանջելուն, «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ»-ը նկատում է՝ նախ պետք է հիշել, որ նոյեմբերի 9-ը ունի բազմաթիվ կետեր: Նրա դիտարկմամբ՝ թող հերթով՝ առաջին կետից կատարելով գան, հետո պարզ կլինի, թե վերջին կետը Հայաստանն ինչպես պետք է կատարի:

Սուքիասյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի կարող մի կետով իրականացվել:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ