Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. Բաքոյան

Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձևաչափով:

Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, թե որքանով են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված օրենսդրական աշխատանքներին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին, տեղեկացրել, որ դրա վերաբերյալ տեղի են ունեցել նաև մի շարք աշխատանքային քննարկումներ: Նա շեշտել է, որ քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքներից, նաև` վերջիններիս իրավունքները ներկայացնող շահագրգիռ փորձագետներ:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է, մասնավորապես, եզդիական համայնքում առկա խնդիրները` անդրադառնալով եզդիերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, Հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն լեզվի ամբիոն ձևավորելու, մասնագետների սղության հարցերին: Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների համայնքներում տեղանունների` իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրելուն վերաբերող խնդրին:

Ռուստամ Բաքոյանը կարևորել է կոմիտեի աշխատանքներն ու ազգային փոքրամասնությունների համայնքների կյանքում դրական փոփոխություններ կատարելու նպատակադրումը:

Պատվիրակության անդամներին ասորական համայնքում առկա խնդիրներն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Իրինա Գասպարյանը և Զեմֆիրա Միրզոևան:

Իրինա Գասպարյանն անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացում ազգային փոքրամասնությունների մոտ առաջացած խնդիրներին, ասորական համայնքի հուշարձանների պահպանությանը:

Զեմֆիրա Միրզոևան էլ խոսել է Վերին Դվին համայնքում նախադպրոցական ուսումնական հաստատության վերանորոգման հարցի մասին: Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին` պատգամավորը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասամբ ազգային փոքրամասնության համայնքներից ներկայացուցիչներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ