Տեսա, ասեցի՝ վայ մամա ջան, էս ինչ ա. ինչպես է «Արթմեդ»-ում այրվածք ստացել կինը, ինչ է ասում բժիշկը. տեսանյութ

Փետրվարի 27-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում,3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կատարած վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կինն ասում է՝ բժշկական կենտրոն դիմել է մեկ տարի առաջ ավտովթարի հետևանքով մեկ այլ բժշկական կենտրոնում վիրահատության միջոցով ձեռքի վրա տեղադրված կոնստրուկցիաները հեռացնելու համար։ Անցել է բոլոր հետազոտությունները, որևէ խնդիր նախքան վիրահատությունը նրա մոտ չի հայտնաբերվել։ Ըստ կնոջ՝ երբ վիրահատությունից հետո իրեն պալատ են տարել, ծնկի հատվածում ինչ-որ բան է զգացել, բայց չի պատկերացրել, թե ինչ է։

Կինը այրվածքի մասին տեղեկացրել է բժշկին, որից հետո 20 օր «Արթմեդ»-ում այրվածքի լավացման համար բուժում է ստացել:

68-ամյա կինը, սակայն, հստակ չգիտի, թե, ի վերջո, ով է տաք սարքը վիրահատության ժամանակ դրել իր ոտքին:

Վիրահատող բժիշկ Ռաֆայել Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ձեռքն է վիրահատել, ինչու պետք է ոտքը այրի: Նա բողոքները աբսուրդ է համարում:

Ըստ բժշկի՝ վիրահատությունից օրեր հետո, ավելի կոնկրետ՝ փետրվարի 10-ին է կինը նորից այցելել կենտրոն՝ վիրակապերը փոխելու համար, այդ ժամանակ գանգատվել է, որ այրվածք է առաջացել, բայց թե ինչպես ու ինչի հետևանքով, բժիշկն էլ պատասխանը չունի։

Կնոջ բողոքի մասին բժիշկը տեղեկացել է համացանցից, սակայն, ըստ նրա, մինչ այս պահը պացիենտը կամ նրա հարազատները իր հետ կապ չեն հաստատել։

Վերջինս վստահեցնում է՝ բժշկական առումով իր գործողությունը ավարտել է դրական:

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ