Նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք գործողություններ իրականացված են, կան որոշ ուղղություններ, որոնցով կատարելագործման կարիք ունենք, որոշ ուղղություններ դեռ կան, որոնցով ինստիտուցիոնալ նոր մոտեցումներ պետք է ունենանք։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը`ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
Ըստ նախարարի, նախարարության ոլորտային ազդեցության գոտին շատ մեծ է, շատ կետերում դրանք հատվում են այլ ոլորտների հետ, հետևապես դա ևս պետք է նկատել և դրա հաշվառմամբ ներդաշնակ զարգացմամբ առաջ գնալ, որպեսզի լուծումները համընդհանուր պատկերում նաև որակ փոփոխեն։
«Հենց այս տրամաբանությամբ ենք առաջ շարժվելու, որը ճիշտ է բարդ, բայց ավելի ռազմավարական մոտեցում է, շոշափելի արդյունքի հանգեցնող։
Եթե անդրադառնամ 2024 թվականի ընթացքին, տարին մարտահրավերների և ձեռքբերումների յուրօրինակ համադրում է ունեցել։ Անցած տարվա ընթացքում ավարտել ենք բուն նախարարության ձևավորման գործընթացը. արդեն իսկ համալրված են և գործում են նախարարության բոլոր վարչությունները, ինչը հնարավորություն է տալիս ջանքերն ուղղել անձնակազմի կարողությունների զարգացմանը, մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ավելորդ վարչարարության կրճատումն ապահովելուն, ծառայություններն ավելի հասանելի, այդ թվում՝ թվայնացված մատուցելուն։
Անցած տարվա ընթացքում ամբողջովին կազմավորվել է նաև նախարարության ենթակա մարմիններից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 2024 թվականի դեկտեմբերին ԵՄ գործընկերոջս՝ Յոհաննես Լուխների հետ համատեղ տվել ենք վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլի մեկնարկը և այժմ ակտիվ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
Մեծ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի ձևավորման՝ պետություն-մասնավոր գործընկերության մրցութային ծրագրով։
Այս տարվա փետրվարին տեղի է ունեցել առաջարկի հայտերի բացումը, ունենք հայտ ներկայացրած երկու ընկերություն և շատ շուտով կավարտվի գնահատումը, իսկ մարտի վերջին կունենանք արդեն արդյունքները։ Որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ պետք է փաստեմ, որ երկու հայտատուները որակյալ առաջարկներ են ներկայացրել, և հաղթողի ընտրության պայմաններում 2026 թվականի երկրորդ կիսամյակում կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչն իր հերթին նշանակալի քայլ է լինելու մեր քաղաքացիների արժանապատիվ ճամփորդության, Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման համատեքստում։
Ավարտին են մոտենում նաև Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքի մշակման աշխատանքները, որով նախատեսված են ֆունդամենտալ փոփոխություններ ռեգիստրի ոլորտում։
Սկսել ենք միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարության մշակման աշխատանքները»,- ասել է նախարարը։
Ինչ վերաբերում է անձնագրային և ոլորտի մյուս ծառայությունների մատուցման ընթացիկ գործընթացներին, ապա ըստ Արփինե Սարգսյանի, մինչև կենսաչափական համակարգի ներդրումը կարճաժամկետ լուծումների ճանապարհով են շարժվում։
«Այստեղ տարեցտարի աճում է պահանջարկը, մասնավորապես ԼՂ–ից բռնի տեղահանությամբ, նույնականացման քարտերի դիմումների աճով պայմանավորված։ Շարունակական ռեսուրսներ են ներգրավվում ինչպես հերթերի կառավարման, այնպես էլ ընթացիկ ենթակառուցվածքի վերազինման իմաստով, հավելյալ մարդկային ռեսուրս նույնպես ներգրավվում է, աշխատանքային ժամերն/օրերն են ավելացվում՝ արձագանքելով պահանջարկին։ Առաջիկա օրերին մեր քաղաքացիներին սպասարկելու համար կգործարկվեն ՆԳՆ սպասարկման շրջիկ 3 գրասենյակները»,- ասել է նախարարը։