Զանգեցինք, գոռացինք, շնորհավորեցինք, իր մոտ էլ աֆեկտիվ վիճակ էր, մայրիկիս էմոցիաները աննկարագրելի են․ Վահան Թովմասյանը՝ Վաչեի մասնակցությամբ «Անորա»-յի «Օսկարում» հաղթելու մասին

«Ինձ համար  շատ անսպասելի էր, ֆանտաստիկա էր, ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց է եղել այս ամեն ինչը, նույնիսկ այս պահին չեմ կարող վերլուծել, թե ոնց եղավ, իրենք էլ երևի հիմա դեռ չեն կարող վերլուծել, անսպասելի էր ու շատ հաճելի»Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան, պրոդյուսեր Վահան Թովմասյանը՝ անդրադառնալով եղբոր՝ դերասան Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմի՝ «Օսկար» մրցանակաբաշխությունում գրանցած աննախադեպ հաջողություններիին:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։  Շոն Բեյքերի «Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝  առաջադրվելով 6 նոմինացիաներում՝  հաղթելով հինգում,  այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

«Աշխատասիրությունն ու նպատակը բերեց իր տրամաբանական կետին:  Ես համոզված եմ, որ սա դեռ վերջը չէ, սա ամեն ինչի սկիզբն է, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ սա առաջին, բայց որ վերջին Օսկարն է»,- նշեց Վահանը:  

«Հպարտությանս  չափ ու սահման չկա, մայրիկիս էմոցիաները չեմ կարող նկարագրել՝ ոչ կարելի է բացատրել, ոչ էլ ցույց տալ, թե հիմա ինչ է ապրում նա», — պատմեց նա ու շարունակեց. «Մրցանակաբաշխությունից հետո զանգեցինք Վաչեին, գոռացինք, շնորհավորեցինք,  շատ կարճ խոսեցինք, առանց երկար բառերի էլ իրար էմոցիաները  հասկացանք երկու բառից: Իր մոտ էլ աֆեկտիվ վիճակ էր,դեռ չէր հասկանում՝ ինչ է կատարվում»:

«Ֆիլմի «աղն ու բիբարը», համեմունքը մեր հայերն էին տալիս ու դա ոչ միայն հայերիս կարծիքն է, այլ արտասահմանյան շուկայում ֆիլմը նայած մարդկանց, ովքեր հայկական մենթալիտետը նույնիսկ չեն ճանաչում, կարծում եմ, որ սա սխալմունք չի կարող լինել», — ասաց Վահանը:

Նաև նշեց լսել է՝ քննադատություններ թե հայերի կերպարը ոչ միանշանակ ու ինչ-որ չափով կարծրատիպային էր ներկայացված.«Անկեղծ  ասած, չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ, որովհետև շատ անձնական է, գուցե ինչ-որ թերություններ մյուսները տեսել են,  բայց ինձ համար անթերի էր, բնականաբար, ես ուրիշ հայացքով եմ նայում ամեն ինչին:  Ես շատ նորմալ են նայում քննադատություններին, ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց փորձն ու ժամանակը ցույց են տալիս, որ նոմինացիան է գնահատականը:  Եթե Օսկարի մրցանակաբաշխությունը համարում ենք ամենաբարձր կետը, որտեղ կարելի է ստանալ ամենաբարձր գնահատականը, ապա  առաջադրված 6 գնահատականներից 5-ում ֆիլմը հաղթել է, հիմա դուք ինձ ասեք կարելի՞ է կարծիքներին ուշադրություն դարձնել, թե՞ ոչ»:

Հիշելով եղբոր պատանեկությունը Վահանը նկատեց, որ ծնողները միշտ էլ զգացել են, որ Վաչեն շատ ավելի լայն հնարավորությունների դերասան է՝ կանխազգացում են ունեցել.«Երբևէ մեր տանը չի հնչել «Օսկար» բառը,  երբևէ նման նպատակ չի եղել Օսկարին հասնելու,  բայց բնականաբար, երբ արդեն գնաց ԱՄՆ, սկսեց աշխատանքն ավելի լրջանալ, պրոյեկտներն էլ ավելի մեծանալ, արդեն այդ միտքը սկսեց առաջանալ»:

Վահան Թովմասյանը նաև նշեց, որ զգացել է, թե ինչ ոգևորությամբ է ֆիլմի՝ Օսկարի արժանանալն ընդունվել հայերի շրջանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ