Գյումրիի առաջիկա ընտրություններին, ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով։ Կոմկուսը, հիշեցնենք, մասնակցում էր նաև 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին և ստացավ ընդամենը 260 ձայն։ Կուսակցության նախընտրական ցուցակն այդ ժամանակ գլխավորում էր Կոնստանտին Ղավազյանը, որը աշխատում էր Գյումրիի քաղաքապետարանում որպես գործակալ։
Ուշագրավ է 2021-ի ընտրությունների նախընտրական ծրագրում Կոմկուսի տված գնահատականը Գյումրիի նախկին իշխանություններին, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը։ Գնահատականն այդ… ներկայացված էր «կորուստներ»-ի թվարկմամբ, որն ունեցել է Գյումրին «վերջին 30 տարվա ընթացքում»։
Ըստ այդմ. «250 հազար բնակչություն ունեցող Գյումրուց մնացել է կեսից քիչ ավելին։
Գյումրու հզոր արդյունաբերական հսկաներից այսօր չի գործում և ոչ մեկը։
Նախկինում 80 հազար աշխատատեղ ունեցող Գյումրի քաղաքում այսօր գործազրկությունը հասել է աղետալի չափերի։
Վտանգված է մատաղ սերնդի ապագան, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում դպրոցահասակ տարիքի թափառաշրջիկ երեխաները։
Պետական և քաղաքային իշխանությունների ամենաթողության պատճառով Գյումրիում կրկին գլուխ են բարձրացրել թմրամոլությունը, տուբերկուլյոզը և սուր վարակիչ հիվանդությունները, որոնք իսպառ վերացված էին խորհրդային տարիներին։
Քաղաքի ապագան հանդիսացող երիտասարդությունը, չտեսնելով հեռանկար և իր նկատմամբ հոգատարություն, լքում է քաղաքը…»։
Ուշագրավ էին նաև Կոմկուսի նախընտրական ծրագրային կետերը։ Մասնավորապես. «Կպայքարենք քաղաքային իշխանություններում տեղ գտած արատավոր կոռուպցիոն երևույթների դեմ։
1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անմխիթար վիճակում հայտնված պատմամշակութային և ճարտարապետական կառույցներին կվերադարձնենք իրենց երբեմնի փայլը։
Խիստ կարևոր ենք համարում բարեկամական կապերը ռուսական 102-րդ բազայի և սահմանապահ զորքերի հետ, և մենք կլինենք նրանց ներկայության երաշխավորը»։
Քանի որ ՏԻՄ ընտրություններին Վարդան Ղուկասյանը մասնակցելու է Կոմկուսի նախընտրական ցուցակով, նշանակում է՝ համաձայն է իր, իր հաջորդի՝ Սամվել Բալասանյանի կառավարման տարիների վերաբերյալ տրված գնահատականներին։
Ի դեպ, օրերս՝ փետրվարի 23-ին, Կոմկուսը, հավատարիմ իր սովետական, հայ-ռուսական բարեկամության մասին քնարին, միջոցառում էր կազմակերպել՝ «նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107-րդ տարեդարձին՝ ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության»։
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին։
Դատելով կուսակցության ֆեյսբուքյան էջից՝ Կոմկուսի կուրացիայով զբաղվում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ-ում անցանկալի անձ համարվող Կոնստանտին Զատուլինի գործընկեր Կազբեկ Տայսաևը։
Արդյոք Վարդան Ղուկասյանի ինստրուկտաժով նո՞ւյնպես զբաղվելու է կամ արդեն իսկ զբաղվում է պարոն Տայսաևը՝ ստույգ ասել չենք կարող։