Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն:
Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները:
Երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները:
Տոնական միջոցառման ավարտին Պաշտպանն ու հյուրերը հոբելյարներին հանձնել են նվերներ։
«Յուրաքանչյուր մարդ, տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Սիրելի՛ «Ճախրուկներ», ձեր գործունեությունը մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` ամեն անգամ ձեզ հետ շփվելիս»,- ասել է Պաշտպանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո են։
Պաշտպանը կարևորում է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։