2008 թվականի փետրվարի 19-ը՝ նախագահական ընտրություններ:
Ողջ օրվա ընթացքում ահազանգեր են հնչում զանգվածային կեղծիքների, խախտումների և օրինազանցությունների մասին։
Չնայած սրան՝ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով ընտրություններում հաղթում է Սերժ Սարգսյանը՝ 52,83 տոկոս ձայներով:
Ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ից, զանգվածային բողոքի ցույցեր են սկսվում Մատենադարանին հարող տարածքում, որը տեղափոխվում է Ազատության հրապարակ և վերափոխվում շուրջօրյա հանրահավաքների:
Բողոքի ցույցերի 10-րդ օրը՝ մարտի 1-ի լուսաբացը, սակայն, պայքարի դուրս եկած ժողովրդին ո՛չ գարուն բերեց, ո՛չ էլ խաղաղություն. այն սև էր ու արյունոտ…
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը հարձակվեց ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների վրա՝ հայտարարելով՝ օպերատիվ տեղեկություն ունեն Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման և Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին:
Երկրում մտցվեց արտակարգ դրություն, իսկ ոստիկանների գործողությունների հետևանքով զոհվեց 10 մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան՝ մյուսը, զինվորական, քանի որ հավաքը ցրելու համար գործի էր դրվել նաև բանակը:
Թեև շարունակվող ու ձգձգվող դատական գործընթացներին՝ «Մարտի 1»-ի գործով դեռ պատասխանատուներ չկան:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի քույրը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանն ասում է՝ «Մարտի 1»-ով փորձ արվեց Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ հեղինակազրկել, որպեսզի որպես ինքնիշխան պետություն գոյություն չունենա, այլ լինի պրոքսի:
Պատգամավորը նկատում է՝ թեև ձգձգվող քրեական գործերին՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ովքեր են «Մարտի 1»-ի կազմակերպիչներն ու ում էր այն պետք:
Հարցադրմանը՝ իսկ ո՞ւմ, վերջինս արձագանքում է՝ այն մարդուն, որն այդ ժամանակ իշխանության էր:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի խաչատրյանի համոզմամբ էլ՝ «Մարտի 1»-ը չի սկսվել 2008 թվականի ընտրություններից, այլ 2000-ականների ընտրությունների ժամանակ:
Ըստ նրա՝ այդ տարիներին կեղծված ընտրությունների դեմ կրկին հանրահավաքներ էին, ժողովուրդը փողոց էր դուրս եկել, և եղավ 2004 թվականի ապրիլի 12-ը, որը «Մարտի 1»-ի նախաբանն էր՝ անոնսը, իսկ «Մարտի 1»-ի շարունակությունը 2018 թվականն էր, և, ի վերջո, ժողովուրդը հաղթեց:
Զրուցակիցը ևս համոզված է՝ ժողովուրդը լավ գիտի, թե ովքեր են «Մարտի 1»-ի մեղավորները, սակայն եղել են նաև դրսից եկած հանձնարարականներ:
«Հանրապետություն» կուսակցության անդամը համոզված է՝ այսօրվա Հայաստանում հնարավոր չէ «Ապրիլի 12», «Մարտի 1»:
Թե՛ Անուշ Քլոյանը, թե՛ Անի Խաչատրյանը նկատում են՝ իշխանությունը լիազորություն չունի միջամտելու դատական համակարգի գործընթացներին: Վերջիններս պնդում են՝ այսօր հեռախոսազանգերով և որևէ մեկի անձնական ցուցումներով դատական վճիռներ չեն կայացվում. պետք է զինվել համբերությամբ ու սպասել դատավարության ընթացքին և ավարտին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում