Փետրվարի 28-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, դեպքից որոշ մանրամասներ են պատմել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Նհո Հրաչ» ընկերության աշխատակիցները օգտագործելով հատուկ կրակմարիչները: Նրանք մինչ շտապօգնության ժամանումը նաև օգնություն են ցուցաբերել վիրավորին։