Վարդան Ղուկասյանի «ռուսական հետքը».Ի՞նչ գործարք է կայացել Ղուկասյանի և Կոմկուսի միջև

Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, հետո էլ՝ 2017-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանն, ինչպես հայտնի է, ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցելու է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով։ Տարօրինակ ընտրություն է, այնպես չէ՞, այն էլ գործող կուսակցությունների բազմազանության ֆոնին։ Նկատենք՝ ՀՀ-ում այս պահին կա գրանցված 123 կուսակցություն, ևս մի քանիսն էլ դիմել են գրանցման համար, իսկ ահա Ղուկասյանը էդքանի միջից որոշել է հենց կոմունիստների… «վզովն ընկնել»։

Գյումրեցիները տարակուսած են՝ դպրոցն ավարտելուց հետո բիզնես մտած, տեղի առաջին՝ «Սպարտակ» կոոպերատիվը բացած, աչքաբաց, շուստրի ու մի քիչ էլ դերասան Ղուկասյանի ձեռքը քարի տա՞կ էր, որ չի ֆայմել մի՝ հազարի չափ համակիր իրար գլխի հավաքել, քաղաքական զիլ անունով կուսակցություն բացել ու սեփական կազմակերպությամբ թաթախվել քաղաքական խաղերի մեջ։ (Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի չափ էլ չկա, փաստորեն)։ Չէ՞ որ, ինչպես ինքն է գլուխ գովում, գյումրեցիներն իրեն խնդրում, աղաչում, տո՝ պահանջում են, որ վերադառնա քաղաքապետի պաշտոնին ու քաղաքը «ղուկասյանավարի» կառավարի (երևի խնդրողները կարոտել են այն ժամանակներին, երբ ՀՀ երկրորդ քաղաքը իտալական մաֆիայի «բնօրրան» Սիցիլիայի հետ էր համեմատվում, որտեղ կրակոցներով ուղեկցվող ռազբորկաներն ու դրանցում քաղաքապետի որդու կամ հարազատների մասնակցությունը սովորական բան էին)։ Ի դեպ, Ղուկասյանի գուբերնատորության շրջանը վերհիշած գյումրեցիներից ոմանք օրերս մեզ հետ զրույցում նկատեցին՝ «երբ Վարդանիկի օրոք կրակոցների ձայներ էին լսվում, մտածում էինք՝ կամ մոտակայքում ինչ-որ մեկի ծնունդն է՝ սալյուտ են տրաքացնում, կամ էլ… էլի Սպարտակը (Ղուկասյանի հայտնի որդին) ինչ-որ մեկի հետ «բացատրվում» է»։ «Բացատրվել» ասացինք՝ հիշեցինք. հունվարի 31-ին տեղի է ունեցել Համառուսաստանյան կուսակցական ժողով, որին տեսակապով մասնակցել է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Գենադի Զյուգանովը, դիմելով իր «հայ բարեկամներին», նրանց բացատրել է, որ «առանց ռուսական ներկայության Կովկասում, այդտեղ պարզապես անհնար կլինի ապրել, ինչը շատ լավ հասկանում և գիտակցում են բոլորը»։ «Համոզված եմ, որ ձեր արդար պայքարը կտա իր սպասելի արդյունքները, և որոշ հայ քաղաքական գործիչներ ավելի լավ կհասկանան մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության անհրաժեշտությունը և անփոխարինելիությունը»,- նշել է ՌԴ «թիվ մեկ» կոմունիստը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ՀԿԿ Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանն էլ իր ելույթում անդրադարձել է Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին։ Գագիկ Մանուկյանն, ի դեպ, Ղուկասյանի քաղաքապետության շրջանում եղել է վերջինիս տեղակալը՝ Գյումրիի փոխքաղաքապետը, իսկ երբ Ղուկասյանը 2012-ին վաղաժամ վայր դրեց իր լիազորություններն ու հեռացավ քաղաքապետի պաշտոնից, նրա օրինակին հետևեց նաև Մանուկյանը։ Հենց այս վաղեմի՝ շեֆ-ենթակա կապի հանգամանքն էլ, ըստ ամենայնի, դեր է խաղացել, որ շահավետ գործարք կայանա Ղուկասյանի և Կոմկուսի միջև, հատկապես այն շրջանում, երբ հայ-ռուսական հարաբերությունները նախանձելի վիճակում չեն, Գյումրիում էլ, հիշեցնենք, տեղակայված է 102-րդ ռազմաբազան։

Նկատենք մի ուշագրավ հանգամանք ևս. հավատացյալ, աստվածավախ ու եկեղեցաշեն Վարդան Ղուկասյանը, փաստորեն, ընտրական պայքարի մեջ է մտնելու մի ուժի միջոցով, որը ժամանակին բազմաթիվ եկեղեցիներ է ավերել կամ փակել։ Ի դեպ, ժամանակին «Վարդան Ղուկասյան եկեղեցաշեն»-ի մասին մի դոկումենտալ ֆիլմ էր նկարահանվել, որում մասնավորապես պատմվում է Գյումրիի ռուսական եկեղեցու՝ «Պլպլան ժամ»-ի վերականգնման, 1877-78 թվականներին օսմանյան նվաճողների դեմ կռիվներում զոհված ռուս զինվորների հիշատակն անմահացնող «Պատվո բլուր» համալիրի կառուցման մասին, որի բացման արարողությանը (2010-ի օգոստոս), ի դեպ, մասնակցում էր նաև ՀՀ ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այդ ֆիլմում պատմվում է «աստվածուրացի» տարիների ամոթալի շրջանի մասին, երբ «աթեիզմի տարիներին տիրող վարչակարգի գաղափարախոսությամբ և անձի պաշտամունքով պայմանավորված՝ անարգվում էին քրիստոնեական սրբությունները՝ եկեղեցիները, իսկ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած հայ ազգը չէր կարող երկար հանդուրժել փակված եկեղեցիների գոյությունը»։ Վարդան Ղուկասյանն էլ եկեղեցիներից մեկում տեղի ունեցող միջոցառման ժամանակ հայտարարում է. «37 թվականին, Խորհրդային Միության էն խայտառակ ժամանակահատվածում, երբ փակվեցին Հայաստանի բոլոր վանքերը, երկու քաղաք էր, որ ժամերգություն ու պատարագ էր անում, մեկը Էջմիածինն էր, մյուսը Գյումրին էր՝ Ալեքսանդրապոլի մեր «Յոթ վերք» եկեղեցին»։ Վարդան Նիկոլաևիչը, որն, ի դեպ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով, փաստորեն, որոշել է «իր երկրորդ գալուստը» քաղաքականություն կազմակերպել եկեղեցաքանդ կուսակցության միջոցով ու աջակցությամբ։

Գյումրեցիները նկատում են՝ Ղուկասյանը թաց տեղը քնողներից չէ և խաղի մեջ է մտել կոնկրետ սուբյեկտից ստացած երաշխավորությամբ, եթե չասենք՝ ցուցումով։ Այդ սուբյեկտը իրեն աճեցրած, հանդուրժած, իր ծառայություններից օգտված, ապաև «պիտանիության ժամկետը» սպառվելուց հետո ազատված ՀՀ նախկին ռեժիմն է, որին Ղուկասյանը ծառայել է երկար ու ձիգ 13 տարի՝ 1999-2012 թվականները։ Ղուկասյանը նախկին պաշտոնի բերումով այժմ էլ ազդեցության որոշակի գործիքներ ունի ձեռքին, արդ, ինչո՞ւ չօգտագործել նրա ռեսուրսը՝ թաղային հեղինակություններից մինչև իր ու եղբոր բիզնեսներում աշխատող էլեկտորատ, ու չփորձել վերցնել իշխանությունը Գյումրիում։ 2023-ի ՏԻՄ ընտրություններում Երևանում դա չհաջողվեց, ռուսական «հետքով» թեկնածուները չկարողացան ընտրությունների միջոցով վերցնել իշխանությունը, ոչ էլ կարողացան ընտրություններից հետո կոալիցիա կազմել։ Հետևապես Երևանում ձախողված օպերացիան պետք է փորձել իրականացնել ՀՀ երկրորդ քաղաքում։

Հ.Գ. Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանից փորձեցինք ճշտել՝ ո՞վ կամ ի՞նչն է դրդել Վարդան Ղուկասյանին առաջադրվել ՏԻՄ ընտրություններում։ Սակայն ապարդյուն։ Նա հեռախոսազանգերին չպատասխանեց, նրա օգնականն էլ խոստացավ կապվել Ղազարյանի հետ և փոխանցել մեզ հուզող հարցերը, սակայն մինչև օրվա վերջ այդպես էլ պատասխան չստացանք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ