Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների ստամբուլյան հանդիպումից

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքը նորմալացնելու կոնկրետ քայլեր և պայմանավորվել նոր շփումների մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։

«Կառուցողական զրույցի ընթացքում երկու կողմն էլ առանձնացրել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի երկկողմանի կայունացման կոնկրետ առաջին քայլերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մասնավորապես, Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել բանկային ծառայությունների հասանելիության և պայմանագրային աշխատողների վարձելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Մոսկվայում դեսպանատան անձնակազմի քանակական մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ բանակցողները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել այս հարցերի շուրջ, շփումների ամսաթիվն ու վայրը դեռ որոշված չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում՝ Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում, բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ:

Բանակցությունները տևել են գրեթե վեցուկես ժամ։

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով այս հանդիպման մասին, հույս էր հայտնել, որ արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող են երկու կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում կայանալիք հանդիպումը կլինի առաջինը նման խորհրդակցությունների շարքում։ Նա նաև պարզաբանել է, որ բանակցություններին մասնակցում են արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են ռուս-ամերիկյան հարաբերություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ