Խաղաղության պայմանագրի գործընթացում մնացել է քաղաքական նպատակահարմարության հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ փաստը, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

«Մինչ այդ էլ, երբ մենք դեռ չէինք ստացել 12-րդ խմբագրումը, ակնհայտ էր, որ այս ուղղությամբ գործընթացը փակուղում չէ, օրինակ՝ ի տարբերություն ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղության, որտեղ իսկապես փակուղում ենք, մենք լճացում ունենք, բայց պայմանագրի հարցում ըստ ամենայնի մնացել է քաղաքական նպատակահարմարության պահը. եթե այդ պահը գա, ապա ստորագրումը տեղի կունենա»,- ասաց քաղաքագետը։

Վարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ Իսկ հայաստանյան ընդդիմությունը շահարկում է ադրբեջանական նարատիվները։

Այս առնչութմաբ քաղաքագետն ասաց, որ դա նորություն չէ, մեր ընդդիմությունն անընդհատ փորձում է հնարավորինս ավելի շատ վնաս տալ Հայաստանի իշխանություններին, շատ դեպքերում ոչ միայն հօգուտ Ադրբեջանի և Ռուսաստանի, որքան էլ ծիծաղելի է, բայց նաև երբեմն ի վնաս հենց իրենց։

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ նույն այդ շրջանակները խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից, քաղաքագետն ասաց. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակ հնարավորությունն է Ռուսաստանի համար որևէ բան դեռևս մեր տարածաշրջանում պահպանելու, չկորցնելու կամ փորձելու հնարավորինս քիչ ազդեցության ոլորտներ կորցնել, և հասկանալի է, որ այդ մարդիկ, ովքեր մեծ հավանականությամբ սնվում են ռուսական ռեսուրսներով՝ լինեն դրանք նյութական կամ ոչ նյութական ռեսուրսներ, կարևոր չէ, այդ մարդիկ պետք է ռուսական նարատիվները տարածեն մեր իրականությունում, և այդ պատճառով էլ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին խոսում են։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնացած փաստաթուղթ է, այդ հայտարարությունը վերակենդանացնելու որևէ տարբերակ գոյություն չունի և գոյություն չունի ոչ Հայաստանի պատճառով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ