Թիվ 31 ԸԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր չի ստացել

Չնայած Գյումրու համայնքապետի թեկնածուների շատ անուններ են շրջանառվում, մինչ օրս ոչ մի քաղաքական ուժ թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթային փաթեթ չի ներկայացրել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանն ասաց՝ նման իրավիճակ նաև նախորդ ընտրության ժամանակ է եղել. նախավերջին և վերջին օրն են հիմնականում տարվում դիմումները:

«Մինչև մարտի 5-ը՝ ժամը 18:00-ը, պետք է դիմումները ներկայացնեն, գրանցումը մինչև մարտի 10-ն է: Վերջին 2-3 օրն են բերում, եղել է, որ վերջին օրը՝ ժամը 17:00-ին են բերել: Դրա համար չենք անհանգստանում, որովհետև էսպես շուտ չեն էլ բերել ոչ մի անգամ: Նախորդ ընտրություններին էլի նույն պատկերն էր»,- ասաց Ղազարյանը:

Մինչև մարտի 5-ը փաթեթները կընդունվեն, իսկ գրանցումների վերջնաժամկետը մարտի 10-ն է: Ղազարյանի խոսքով՝ ինչքան շուտ ներկայանան, այնքան իրենց ծանրաբեռնվածությունը կնվազի:

«Ես բոլորին, ում որ գիտեմ, որ թեկնածուներ են լինելու, տեղեկացրել եմ, որ ինչքան շուտ բերեն, մեր գործը կթեթևանա, բայց օրենքի հետ խնդիր չկա: Կարող են նույնիսկ մարտի 5-ին՝ ժամը 17:59-ը, բերել, վերջնաժամկետը 18:00 է, իրենց իրավունքն է. ուզեն՝ ուշ կբերեն, ուզեն՝ շուտ կբերեն: Երբ էլ բերեն, մենք գիշերն էլ կնստենք, կստուգենք»,- նշեց ԸԸՀ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ